Մատչելիության հղումներ

Առաջին հայը վերադառնում է Դիարբեքիր


Ճանաչված երաժիշտ, արեւելյան ուդ լարային գործիքի վարպետ Երվանդ Բոստանչին որոշել է ԱՄՆ-ից վերադառնալ հայրենի Դիարբեքիր քաղաքը:

Բոստանչին, անսալով Թուրքիայի մշակույթի նախարարի ու Դիարբեքիրի քաղաքապետի կոչերին, իր որոշման մասին հայտարարել է մարտի 30-ին` ասելով, որ հունիսին կվերադառնա Թուրքիա:

Թուրքիայի պաշտոնյաները վերջին շրջանում կոչեր են հնչեցրել` երկիրը լքած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին վերադառնալ հայրենիք:

Բոստանչին Թուրքիայից հեռացել է 1992 թվականին, վերջին 21 տարիներին ապրում է Կալիֆոռնիայում: Նա հայտարարել է , որ կլինի առաջին հայը, որը կարձագանքի Թուրքիա վերադառնալու կոչերին:

«Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը եւ այլ պաշտոնյաներ ցանկանում են, որ ես վերադառնամ: Ես չեմ կտրել սիրտս իմ ծննդավայրից: Մարդիկ պետք է մահանան այնտեղ, որտեղ ծնվել են: Ես գալիս եմ մեռնելու», - ըստ Hurriyet Daily News թերթի` ասել է նա, ավելացնելով, որ ԱՄՆ-ում երջանկություն չի գտել:

«Մարդիկ ինձ պարբերաբար հարցնում են՝ դու աշխատանք ունես Լոս Անջելեսում, ինչպե՞ս ես թողնելու ամեն ինչ ու վերադառնաս Դիարբեքիր: Բայց ինչո՞ւ մենք չպետք է ապրենք այնտեղ, որտեղ մեզ երջանիկ ենք զգում: Մենք` հայերս տարածել ենք մեր մշակույթը ամենուր, ուր մենք մեկնել ենք: Ինչո՞ւ մենք պետք է մահանանք ուրիշ քաղաքում, հայրենի տան կարոտով», - ասել է Բոստանչին:

Նա ասել է, որ ԱՄՆ-ի հայկական համայնքը վատ է արձագանքել, երբ նա շարունակել է երգել թուրքերեն ու քրդերեն:

«Ես պայքարել եմ ու երբեք չեմ հանձնվել»,- ընդգծել է նա:

Մեկ տարի առաջ էլ Hurriyet Daily News-ի հարցազրույցում Բոստանչին պատմել էր Թուրքիան լքելու պատճառների մասին:

«1992 թվականին, երբ ավարտեցի համերգային ծրագիրը, մի մարդ մոտեցավ ու հարցրեց, թե ինչու եմ հայերեն երգում: Որովհետեւ ես հայ եմ, պատասխանեցի ես: Նա սկսեց հայհոյել ու անիծել ինձ, ես ահաբեկված էի ու որոշեցի հենց այդ գիշերը հեռանալ Թուրքիայից», - պատմել էր երաժիշտը, ում թերթը ներկայացնում է որպես աշխարհով մեկ հայտնի ուդիստ:

Հայ երաժշտի մասին գիրք է գրել նրա համաքաղաքացի Սեյմուս Դիկենը՝ մեծարելով նրան:

Երվանդ Բոստանչին ծնվել է Դիարբեքիրի արվարձանում, որին թուրքերն անվանում էին Գյավուրի թաղամաս: Այստեղ ապաստանել էին 1915-ից փրկված հայերը:

Երբեմնի հայաշատ Դիարբեքիրում վերջին շրջանում իրականացվում են հայկական ժառանգությունը, հայկական հետքը վերականգնելու ծրագրեր, մասնավորապես, վերականգնվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG