Մատչելիության հղումներ

Իրանը բողոքի նոտա է փոխանցել Ադրբեջանին


Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի արտգործնախարարությունը երկրում Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել շաբաթ օրը Բաքվում «Հարավային (իրանական) Ադրբեջանի» կողմնակիցների անցկացրած միջոցառման կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Contact.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով իրանական մամուլի հաղորդումը, երեկ կայացած հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին «լուրջ դժգոհություն» է հայտնել նման միջոցառման անցկացումը կանխելու` ադրբեջանական իշխանությունների անկարողության կապակցությամբ:

«Թեեւ Իրանը մշտապես ձգտում է խորացնել երկու երկրների միջեւ հարաբերությունները, նման գործողությունները լրջորեն փչացնում են երկկողմ կապերի զարգացումը», - ասել է Արաղչին` դժգոհություն հայտնելով միջոցառման ժամանակ հնչած հակաիրանական արտահայտությունների եւ բաժանված «պատվերով» հրապարակումների կապակցությամբ:

Փոխարտգործնախարարը նաեւ սադրիչ է որակել Բաքվի միջոցառման ընթացքում ցուցադրված փաստագրական ֆիլմը Իրանում «Հարավային Ադրբեջանի» կողմնակիցների հետապնդման մասին: Արաղչիի խոսքերով` նման ֆիլմերը ծառայում եմ միայն «իսրայելական շրջանակների» շահերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG