Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ-ի ֆինանսների նոր նախարարին


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյան, արխիվ
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյան, արխիվ
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը անցած շաբաթ նամակով դիմել է Միացյալ Նահանգների ֆինանսների նորանշանակ նախարար Ջեյքոբ Լյուին` վերստին բարձրաձայնելով այն հարցը, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ նոր պայմանագիր կնքել:

Այս ոլորտը կարգավորվում է 1973 թվականին Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջեւ կնքված մի պայմանագրով եւ չի նորացվել, չնայած ԽՍՀՄ-ը արդեն վաղուց գոյութուն չունի:

«Ներկայումս հստակության բացակայությունը բերում է անորոշության, հնարավոր ծախսերի եւ նոր ռիսկերի, եւ խոչընդոտ է հանդիսանում ամերիկյան ներդրողների համար», - գրել է Խաչիկյանը:

The California Courier թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանը կարծում է, որ հարցը շուտով դրական լուծում կստանա, սակայն ոչ այն պատճառով, որ ֆինանսների նոր նախարար է նշանակվել:

«Իմ կարծիքով, Ամերիկայի կառավարությունը պետք է դրական պատասխան տա այս հարցին` ոչ թե որովհետեւ նոր նախարար է նշանակվել, որովհետեւ նոր նախարարը չի փոխում Ամերիկայի քաղաքականությունը, բայց պիտի փոխեն այս պայմանագիրը, որովհետեւ ժամանակը հասունացել է, եւ սա դրական քայլ կլինի Ամերիկայի կողմից Հայաստանի վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սասունյանը` շարունակելով. - «Որովհետեւ կան շատ քաղաքական հարցեր, Ամերիկյան կառվարությունը դրական չի պատասխանում, օրինակ, ցեղասպանության վերաբերյալ, Արցախի վերաբերյալ, սահմանների վերաբերյալ եւ այլն, բայց այլ` ավելի մեղմ հարցերի մեջ ուզում են դրական պատասխանել, որ ամեն ինչում ոչ չասեն մեզ»:

«Սա անվնաս մի բան է, տնտեսական հարց է, որ բարելավում է, քաջալերում է հարաբերությունները Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ», - կարծում է Հարութ Սասունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG