Մատչելիության հղումներ

Զատիկին ընդառաջ որոշ ապրանքներ թանկացել են


Զատիկին ընդառաջ բարձրացել են հավկիթի եւ կանաչեղենի գները:

Տոնական սեղանին ավանդաբար պիտի լինի կանաչեղեն, ձուկ, բրինձ, հավկիթ:

Նկարչուհի Լուսիկ Ագուլեցու խոսքով, հավկիթը պարտադիր պիտի ներկված լինի կարմիր գույնով, այլ գույներով հավկիթ ներկում են իրանցիները` գարնան գալը նշելիս: Զատկի սեղանին դրված յուրաքանչյուր կերակուր իր նշանակությունն ունի:

«Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, հունարեն այն հնչում է որպես «Իխտիուս». բառի յուրաքանչյուր տառը իր իմաստն ունի` Հիսուս, Քրիստոս, Որդի, Փրկիչ, Աստված: Քրիստոնյաները հնում իրար ճանաչել են ձկան նշանով», - ասաց Շմավոն քահանա Ղեւոնդյանը:

«Պետք է դրվի նաեւ կուտապը, որը ձուն է խորհրդանշում եւ խնջլուզը. դա ձնծաղիկի նման առաջին բույսն է, որը դուրս է գալիս ձյան տակից: Վաճառում են շատ, բայց իհարկե դա թանկ հաճույք է», - ասաց Լուսիկ Ագուլեցին:

Քաղաքացիների հետ զրույցում էլ պարզեցինք, որ ոչ միայն նշված խնջլուզը, այլեւ կանաչեղենի տարբեր տեսակները, ձուկը եւ հավկիթը եւս թանկացել են վերջին 10 օրերի ընթացքում` հենց Զատիկի հետ կապված:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ վերջին 10-15 օրերի ընթացքում ուսումնասիրել են ձվի շուկան. - «Ես երեկ հայտարարում էի, որ ձվի գինը հասել է 76 դրամի, այսօր հասել է 80 դրամի: Այս թռիչքը բավականին մեծ է` 15 օր առաջվա 55-60 դրամի հետ համեմատած»:

Մյուս ապրանքները, ըստ իրենց հաշվարկների, թանկացել են մինչեւ 50 տոկոսով: Ոչ թե արդեն ավանդական դարձած` տոների նախօրեին ապրանքների թանկացումը, այլ այն, որ թանկացումից հետո գին սահմանողը, ըստ Արմեն Պողոսյանի, համապատասխանաբար չի հարկվում, հենց հանդիսանում է սպառողների իրավունքների խախտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG