Մատչելիության հղումներ

«Դինո գոլդ մայնինգ»-ն ընդդեմ բնապահպանի. դատական նիստը հետաձգվեց


Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ուենցավ «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունն ընդդեմ Եղիա Ներսեսյանի քաղաքացիական գործով առաջին նիստը, որը սակայն սկսվելուն պես հետաձգվեց։

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանին զրպարտության մեջ մեղադրող «Դինո գոլդ մայնինգ» ընկերության ներկայացուցիչ Սեդրակ Ասատրյանը նիստին չէր ներկայացել, փոխարենը՝ միջնորդել էր հետաձգել այն, պատճառաբանելով, որ վատառողջ է։ Պատասխանող կողմը առարկություն չուներ եւ դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց բավարարել միջնորդությունը։ Հաջորդը դատական նիստը նշանակվեց ապրիլի 15-ին:

Հիշեցնենք, Եղիա Ներսեսյանն անցյալ տարի Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի ներկայցուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե շրջանառվող լուրերի համաձայն Կապանում Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող ընկերությունը հանքագործների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել: «Դինո գոլդ մայնինգը» պահանջում է, որպեսզի Ներսեսյանը հերքի իր հայտնած տեղեկությունը:

Եղիա Ներսեսյանն ասաց, որ չի պատրաստվում հերքել իր ասածները, քանի որ վստահ է, որ էլեկտրաշոկ իսկապես կիրառվել է, այդ մասին լսել է գյուղացիներից ու հույս ունի, որ նրանք գործում որպես վկաներ կներգրավվեն:

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը պատմեց, որ դեռեւս 2011-ին են Կապանում գյուղացիների հետ զրուցել են, ովքեր գանգատվել են աշխատանքային դաժան պայմաններից ու ասել, որ իրենց նկատմամբ անգամ էլեկտրաշոկ է կիրառվել: Մարիամ Սուխուդյանը պատմեց, որ 2011-ին այդ մասին բարձրաձայնել է, եղել են հրապարակումներ մամուլում:

«Երբ Հայաստանում էր հնչում իրենց վատ գործունեության մասին, իրենք ոչ մեկին դատի չէին տալիս, երբ Հայաստանի սահմաններից դուրս խոսեցինք, արդեն փորձեցին դատի տալ», - ասաց Ներսեսյանը` կարծիք հայտնելով, որ ընկերությունը մտահոգված է հատկապես իր համբավով Արեւմուտքում:

Դատավարական նիստից առաջ դատարանի առջեւ հավաքվել էին բազմաթիվ բնապահպան ակտիվիստներ, ովքեր նիստից հետո Զեյթունից երթ արեցին դեպի քաղաքի կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG