Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն գրանցեց Երեւանի ընտրություններին հայտ ներկայացրած բոլոր ուժերին


Երեւանի քաղաքապետարանը
Երեւանի քաղաքապետարանը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) իր այսօրվա նիստում գրանցեց մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած յոթ քաղաքական ուժերին՝ վեց կուսակցություններին եւ մեկ դաշինքին:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ բոլոր ուժերն էլ գրանցման փաստաթղթերը որոշակի վրիպակներով ու թերություններով էին ներկայացրել, սակայն դրանք սահմանված ժամկետում շտկվեցին:

Նիստից հետո ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Երեւանի ավագանու ընտրությունները հանձնաժողովը կկազմակերպի այնպես, ինչպես եւ անցած համապետական ընտրությունները: Անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, երբ ընդդիմությունը ընտրության արդյունքները կեղծված է համարում, Մուկուչյանը նշեց, որ քաղաքական ուժերը Ընտրական օրենսգրքով լայն լիազորություններ ունեն ընտրական գործընթացը վերահսկելու ու եզրահանգումներ անելու փոխարեն ավելի լավ է օգտվեն օրենքով իրենց ընձեռված իրավունքներից ու պարտականություններից:

«Բոլոր ընտրությունների համար էլ կարծես թե դարձել է խրոնիկ հիվանդության նման մի բան, երբ ընտրությունը դեռեւս չսկսված բոլորը խոսում են ոչ թե այն մասին, թե ինչպես օգտագործեն Ընտրական օրենսգրքով նախատեսված լայն իրավազորությունները եւ նաեւ իրականացնեն հասարակական վերահսկողություն ամբողջ ընտրական գործընթացի նկատմամբ, այդ թվում` նաեւ ունենալով տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ, գիտակցել սեփական պատասխանատվության մասին, որովհետեւ եթե այդ անձինք են կազմակերպում քվեարկությունը կամ մասնակցում քվեարկության կազմակերպմանը, բնականաբար, ենթադրում է նաեւ որոշակի պատասխանատվություն», - ասաց Մուկուչյանը:

Յոթ քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակներից ամենաերկարը իշխող Հանրապետականի ցուցակն է: Հանրապետականն իր ցուցակում ներառել է այնքան թեկնածու, որքան պահանջում է Ընտրական օրենսգիրքը: Համաձայն այս օրենքի՝ ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Երեւանի ավագանու անդամի մանդատների (65) թվի եռապատիկը՝ 195-ը:

Հանրապետականից հետո իր ցուցակում ավելի շատ թեկնածու ունի Հանրապետականի նախկին կոալիցիոն գործընկեր, այժմ իրեն այլընտրանք համարող, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 194 թեկնածու: Ավագանու անդամի թեկնածուների թվով երրորդ տեղում է Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունը (105 թեկնածու): Այնուհետեւ Հայ հեղափոխական դաշնակցությունն է՝ իր 65 թեկնածուով, հետո՝ «Ժառանգության» առաջնորդած «Բարեւ, Երեւան» դաշինքը` իր 64 թեկնածուով եւ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունն իր 41 թեկնածուով:

Նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ից եւ կտեւի մինչեւ մայիսի 3-ը:
XS
SM
MD
LG