Մատչելիության հղումներ

ՀՖՖ նախագահը հորդորում է հավաքականին «նուրբ» վերաբերվել


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը այսօր քննարկվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեում, եւ որոշում է կայացվել մերժել դիմումը ու վերահաստատել նրան մարզչի պաշտոնում:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստան-Չեխիա խաղում պարտություն կրելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի նախագահի անունով, որը Ռուբեն Հայրապետյանը մերժել էր:

Այսօր կայացած մամլո ասուլիսում ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ 3 անհաջող խաղերից հետո ցանկացած նորմալ մարդ էլ ընկճվում է, եւ հրաժարականի դիմումը հասկանալի է: Նրա խոսքով դիմումը մերժվել է, քանի որ Վարդան Մինասյանը «մեղք չունի», իսկ պարտություններն ունեն տարբեր պատճառներ: «Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվեց, թե ի՞նչ կլինի, եթե Վարդան Մինասյանը երկրորդ անգամ դիմի հրաժարականի համար:

«Ձեզ թվում ա` մենք մուկն ու կատու ենք, հա, երեւի խաղո՞ւմ, ազգային հավաքական բառը որ օգտագործում ենք, մենք շատ նուրբ պիտի լինենք, այդ ազգային հավաքականը ոչ Վարդան Մինասյանինն ա, ոչ Ռուբեն Հայրապետյանինը, դա ամբողջ ազգինն ա: Ի՞նչ ա նշանակում մի հատ էլ հրաժարական տա, եթե Վարդան Մինասյանը գործկոմի որոշումից հետո անի, նշանակում ա` մենք գործ ունենք անլուրջ մարդու հետ», - ասաց Հայրապետյանը:

Կդիմի՞ արդյոք Մինասյանը երկրորդ անգամ հրաժարականի համար, թե` ոչ, դեռ պարզ չէ. նա այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` խոստանալով, որ այս թեմայից կխոսի առաջիկա օրերին:

Մինասյանը երեքշաբթի օրը ֆուտբոլային հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում ասել էր, որ հավաքականի առջեւ դրված խնդիրը լավ խաղ ցուցադրելն էր, եւ որ ինքը Աշխարհի 2014 թվականի առաջնությանը մասնակցելու խնդիր հավաքականի առջեւ չէր դրել: Մարզչի այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, ինչից հետո էլ նրա հրաժարականը պահանջող կոչեր հնչեցին:

Ռուբեն Հայրապետյանը Մինասյանի այս հայտարարությունը սխալ որակեց, եւ խնդրեց չկառչել բառերից:

Մինասյանի հրաժարականի մեկ այլ վարկած էլ կարող է լինել նաեւ հավաքականի ֆուտբոլիստների միջեւ ծագած խնդիրները: Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը ասել էր, որ որոշ ֆուտբոլիստներ խաղում են հանդիսատեսի համար եւ կոչ էր արել դասեր քաղել այս խաղից:

Ռուբեն Հայրապետյանը բացառեց, որ իր ղեկավարած կառույցում կարող են խմբավորումներ լինել, իսկ Մխիթարյանի հայտարարությունը սխալ որակեց:

Սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի կարծիքով` Վարդան Մինասյանի հրաժարականը բարոյական քայլ էր, եւ դա ապացուցում է, որ նա պատասխանատվություն է զգում: Ինչ վերաբերում է Մխիթարյանի հայտարարությանը, ապա նրա կարծիքով` Մխիթարյանը ճիշտ է արել, որ բարձրաձայնել է խնդիրների մասին: Բաղդասարյանի դիտարկմամբ Հայաստան-Չեխիա հանդիպման ընթացքում Գեւորգ Ղազարյանը եւ Էդգար Մանուչարյանը ոչինչ չարեցին:

Ռուբեն Հայրապետյանը այսօր խոստովանեց, որ հավաքականում կան թերություններ, կան ֆուտբոլիստներ, որ իրենց վատ են դրսեւորում, ասաց` դրանք «ներքին խնդիրներ են, որոնք շուտով կկարգավորվեն»:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG