Մատչելիության հղումներ

Ադրբեջանում «քաոսային բողոքի ակցիաների ժամանակաշրջան է»


Ռասուլ Գուլիեւ, արխիվ
Ռասուլ Գուլիեւ, արխիվ

«Այդ ամենի վերջը կարող է մեծ պայթյուն լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասում է ադրբեջանցի քաղաքական վտարանդի, խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը:

«Արդեն մեկ տարի է ինչ Ադրբեջանում քաոսային բողոքի ակցիաների ժամանակաշրջան է», - պնդում է երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի մերձավոր զինակիցներից մեկը` խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ Միացյալ Նահանգներում բնակվող քաղաքական թերեւս ամենահայտնի ադրբեջանցի վտարանդին` Ռասուլ Գուլիեւը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նախկին բարձրաստիճան պաշտոնյան կանխատեսում է, որ այս իրավիճակը ցանկացած պահի կարող է անվերահսկելի դառնալ:

«2012 թվականից ի վեր Ադրբեջանում քաոսային իրադարձություններ են տեղի ունենում: Տարբեր շրջաններում, այժմ արդեն նաեւ Բաքվում, բողոքի ակցիաներ են լինում: Իշխանության հանդեպ հավատն այն աստիճան է կորսված, որ բնակչության բավական մեծ մի զանգվածի մոտ ատելություն կա կառավարության նկատմամբ: Ամենավտանգավորը, սակայն, այն է, որ այդ քաոսային գործընթացները առաջնորդ չունեն: Այդ ամենի վերջը կարող է մեծ պայթյուն լինել: Խոսքը նախեւառաջ Բաքվի մասին է», - նշում է Գուլիեւը:

Նրա խոսքով, սակայն, դժգոհ զանգվածը չի վստահում ոչ միայն կառավարությանը, այլեւ ընդդիմությանը:

«Չկա որեւէ ուժ, որ կարող է կանխել այդ պայթյունը: Այդ ուժը չունի ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը: Այդ քաոսային իրավիճակը պետք է կանխել: Բայց այն ուղին, որն ընտրել է իշխանությունը` բռնաճնշումների մարտավարությունը, հարյուր տոկոսով հանգեցնելու է հակամարտության խորացմանը, անկարգությունների, եւ, ի վերջո, իրոք երկրում կարող է քաոսային իրադրություն ստեղծվել», - ասում է Գուլիեւը:

Նրա խոսքով` իրադարձությունների զարգացման նման սցենարը կարող են կանխել միմիայն Միացյալ Նահանգների իշխանությունները:

«ԱՄՆ-ի կողմից կայացված որոշումները կարող են բավական մեծ ազդեցություն թողնել իրադաձությունների վրա: Այդ որոշումների հիման վրա իշխանությունն ու ընդդիմությունը պետք է քայլեր կատարեն, որոնք կապահովեն ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը: Նախեւառաջ կառավարությունը պետք է վերջ տա ագրեսիվ գործողություններին, հանրահավաքների ազատ անցկացման հնարավորություններ ստեղծի: Հակառակ պարագայում մենք կդառնանք անողոք եւ քաոսային անկարգությունների ականատեսը», - նշում է Ռասուլ Գուլիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG