Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի թեկնածուն կարեւորում է ոչ իշխանական ուժերի համագործակցությունը


Վահագն Խաչատրյան
Վահագն Խաչատրյան
Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրացուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը համոզված է, որ եթե ընտրապայքար մտած ոչ իշխանական ուժերը համագործակցեն, միասնաբար պայքարեն ընտրակեղծիքների դեմ, ապա հնարավոր է մեծամասնություն ձեւավորել Երեւանի ավագանիում:

Խաչատրյանը 1992-1996 թվականներին Երեւանի քաղաքապետն էր: ՀԱԿ-ի ցուցակում երկրորդ հորիզոնականում Զոյա Թադեւոսյանն է, երրորդը` Արման Մուսինյանը:

«Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն, «Բարգավաճ» եւ «Ժառանգություն» կամ «Բարեւ, Երեւան» դաշինք… հնարավորություն կա միասնական աշխատելու դեպքում իսկապես արդյունքի հասնել, իշխանությանը չթողնել վերարտադրվել Երեւանում: Ոչ իշխանական ուժերը պետք է խնդիր դնել իսկապես մաքսիմալ ձայներ հավաքել, որպեսզի Երեւանի քաղաքապետ ընտրելու հնարավորությունը մենք ունենանք: Դա կհամարենք հաղթանակ: Կարող է այդ չորսի մեջ որեւէ մեկը համարի, որ հաղթանակի չափը քիչ էր, բայց ես գտնում եմ, որ եթե մենք կարողանանք դրան հասնել, դա նաեւ ոգեւորիչ կլինի եւ քաղաքացիների համար, եւ ընդհանրապես հետագայում քաղաքական գործունեության համար», - երեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց Խաչատրյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է խորհրդարանական ընտրությունների օրինակով այս անգամ եւս ոչ իշխանական ուժերը միասնական շտաբ ձեւավորեն, քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն տեղեկացրեց, որ ՀԱԿ-ն արդեն իսկ աշխատում է այդ ուղղությամբ:

«Մենք փորձում ենք դա անել, մենք ուզում ենք դա լինի, որովհետեւ միասնական ուժերի դեպքում մենք ունենք հնարավորություն կանխելու այն ընտրախախտումները, որ կլինեն տեղամասերում: Հիմա ներքին բանակցություններ են ընթանում», - ասաց Խաչատրյանը:

Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում ՀԱԿ-ը հաղթահարեց անցողիկ շեմը, սակայն հրաժարվեց մանդատներից: Այս անգամ Կոնգրեսում չեն մտածում փոքրամասնություն կազմելու մասին:

«Մենք այն ժամանակ քաղաքական որոշում ենք ընդունել: Ես չեմ կարող ասել, որ մեր մասնակցությունը ինչ-որ առումով օգուտ կբերեր` տեսնելով այն, ինչ կատարվում է Ազգային ժողովում, որտեղ այդ թվում եւ ՀԱԿ խմբակցության ելույթները` որպես ելույթներ արձանագրվելուց բացի, իրավական առումով որեւէ ընթացք չեն ստանում», - ասաց Խաչատրյանը:

Մեկ ամիս առաջ ՀԱԿ-ը չմասնակցեց համապետական ընտրություններին` պատճառաբանելով, թե ընտրակեղծարարության այս համակարգի դեպքում իսպառ բացառված է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն: Այժմ, ըստ Խաչատրյանի, մթնոլորտն է փոխվել, ինչը, սակայն, չի նշանակում, որ ընտրակեղծիքներ չեն լինելու:

«Ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ այս պետական իշխանական համակարգը, եթե ընտրությունները չկեղծեն: Արդեն սկսվել են գործողություններ, նախապատրաստություններ, նորից նույն մոտեցումները, թաղային հեղինակությունները, մարդկանց խմբեր հավաքել, էլի անձնագրեր, ստորագրություններ, որեւէ ակնկալիք չկա, որ իշխանությունը կարող է իր դեմքը փոխել միանգամից», - ասաց Խաչատրյանը:

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն ընտրվելու դեպքում առաջին իսկ օրը քաղաքի կանաչ տարածքներով է զբաղվելու, զբոսայգիներն ազատելու է սրճարաններից, Հրազդանի կիրճը հանգստի գոտի է դարձնելու:

«Երեւանը միայն հանրապետականների համար է», - շեշտում է նա. - «Իրենց համար բիզնեսին ծառայելը ավելի կարեւոր դարձավ, քան երեւանցուն ծառայելը: Ինձ` որպես երեւանցի, ոչինչ չեն տվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG