Մատչելիության հղումներ

ԵՄ-ն աջակցելու է Հայաստանում «շրջանակաձեւ միգրացիային եւ վերաինտեգրմանը»


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեա
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեա
Եվրամիությունը եւս մեկ միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին` աջակցելու «շրջանակաձեւ միգրացիային եւ վերաինտեգրմանը»: Ծրագիրն իրականացնելու են «Մարդը կարիքի մեջ» եւ «Հայ օգնության միություն» կազմակերպությունները:

«Մենք կաջակցենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, բայց հնարավորություն չունենք ինքներս լուծել խնդիրը», - լրագրողներին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Եվրամիությունը միգրացիայի հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով տրամադրել էր 3 մլն եվրո:

Նոր ծրագիրն իրականացվելու է 4 ուղղություններով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանի խոսքով, ամենակարեւորն այն է, որ ճիշտ աշխատանք տարվի այն մարդկանց հետ, ովքեր մտադիր են մեկնել երկրից, բայց դեռ չեն մեկնել. - «Առաջարկել մի բան, որը կարողանա հետ պահել մարդուն արտերկիր մեկնելուց: Մարդուն առաջարկել կոնկրետ զբաղվածություն, կոնկրետ աշխատանք»:

Ամենալուրջ արդյունքը, սակայն, կլինի Եվրոպայից Հայաստան ներգաղթի ապահովումը: Հարցին, թե ինչ պայմաններ պետք է ստեղծվեն Հայաստանում, որպեսզի մարդիկ վերադառնան, ծրագրի ղեկավարներից Տաթեւիկ Բեժանյանը պատասխանեց, թե կոնկրետ այս ծրագրի արդյունքների մասին դեռ վաղ է խոսել, սակայն Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում արդեն իրականացված աշխատանքների շնորհիվ վերադարձել է 2400 մարդ.- «Այս պահին ես չեմ կարող ասել, թե նրանցից բոլորը ինչ վիճակում են, բայց բիզնես ծրագրերի հետ կապված եւ աշխատանքի տեղավորման հետ կապված կարող եմ ասել, որ կապը որպես այդպիսին կա»:

Նա հավելեց, որ նախորդ ծրագրից հետո 110 նոր աշխատատեղ է ստեղծվել. - «Նախորդ ծրագրի ընթացքում մենք ունեցել ենք 27 շահառուներ, ովքեր շատ հաջողված բիզնես ծրագրեր են իրականացրել հանրապետության չորս մարզերում»:

Մինչ Եվրամիությունը մեծ միջոցներ է տրամադրում միգրացիայի խնդիրների լուծման համար, մարդիկ շարունակում են լքել երկիրը: Հարցին, թե որքանով են արդյունավետ ձեռնարկվող միջոցները, ծրագրի պատասխանատուներն արձագանքեցին, թե բոլոր ծրագրերը կանխարգելիչ դեր ունեն:

Իսկ եթե մարդիկ, այդուհանդերձ, հեռանում են, ապա հարկավոր է «տալ ճիշտ տեղեկատվություն»: «Որպեսզի արդյունքում նրանք չդառնան անօրինական միգրանտ, չդառնան շահագործման զոհ: Եթե որոշել են մեկնել, գոնե իրազեկված մեկնեն», - նշեց ծրագրի ղեկավարը:

Ծրագիրն իրականացվելու է 2.5 տարվա ընթացքում: Թիրախային տարածաշրջաններն են Երեւանը, Արարատը, Արմավիրը, Սյունիքն ու Վայոց Ձորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG