Մատչելիության հղումներ

Վարդանյանը հնարավոր է համարում ոչ իշխանական ուժերի դաշինքը


Աղվան Վարդանյան
Աղվան Վարդանյան
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅ Դաշնակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանը կարծում է` բոլոր հիմքերը կան, որ ոչ իշխանական ուժերը մայրաքաղաքային ընտրություններից հետո դաշինք կազմեն ու Երեւանում իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը:

«Գուցե լավ է, որ մենք առանձին ենք գնում, ամեն մեկը կանի առավելագույնը շատ ձայն տանելու համար», - այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Վարդանյանը. - «Հիմա խնդիրը շատ ձայն տանելն է, իսկ հաջորդ քայլը այնքան տրամաբանական է, որ այո, մեզ համար շատ կարեւոր է, որ վերջում կարողանանք միավորվել»:

«Այո, միասին մեկ ցուցակով գնալը չհաջողվեց, յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, բայց մեր բոլորի նպատակը պիտի լինի Հայաստանում ջարդել քաղաքական մենաշնորհը, միասին հաղթել Երեւանի ավագանու ընտրություններում», - հավելեց Վարդանյանը:

Մարտի սկզբին Հայ ազգային կոնգրեսը կոչ արեց ՀՅԴ-ին, «Ժառանգությանը» եւ «Բարգավաճ Հայաստանին» համախմբել ուժերը եւ միասնական ցուցակով հանդես գալ մայրաքաղաքային ընտրություններում: Բանակցությունները, սակայն, արդյունք չունեցան: Արդյունք չտվեցին նաեւ ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի միջեւ տեղի ունեցած բանակցությունները, եւ այսօր նշված չորս քաղաքական ուժերը առանձին են մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին:

Ընտրությունները նախատեսված են մայիսի 5-ին: Քաղաքական ուժերի մասնակցության համար փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 21-ն էր, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մայրաքաղաքային ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել 7 քաղաքական ուժեր` «Առաքելություն» կուսակցությունը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Հանրապետականը, ՕԵԿ-ը եւ «Ժառանգության» առաջնորդած «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքը:

Այսօր Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե գալիք ընտրություններին ընդառաջ իշխանություններն արդեն իսկ սկսել են գործի դնել վարչական ռեսուրսը` Հանրապետականի հաղթանակը ապահովելու համար:

«Դեռ նախընտրական քարոզչությունը չի սկսվել, բայց ակնհայտ է, դիտեք հեռուստատեսություն, ակնհայտ է, կտեսնենք` ամեն օր մի վարչակազմում հերթական շրջայցերը, գնացեք Ավան` տեսեք ինչ մեծ թափով աշխատանքներ են տանում», - ասաց Վարդանյանը` հավելելով, թե դա միայն երեւացող կողմն է. - «Չերեւացող կողմը` իշխանությունը նորից գործի է դրել իր վարչական ամբողջ ռեսուրսը` վերեւից ներքեւ, Երեւանից մինչեւ հեռավոր մարզեր: Հերթով կանչում են կուսակցության գրասենյակներ, ամենախիստ հանձնարարականներով` կգնանք, ցանկերը կկազմեք, կբերեք, այդ ցանկերը մենք ստուգելու ենք, փորձի մեկը հանկարծ չքվեարկի մեզ... Ամեն անգամ ասում են` հաջորդ ընտրությունները լինելու են ավելի լավը, ամեն անգամ լինում է շատ ավելի վատ: Թաղային հեղինակությունները հավաքում են «լավ» տղերքին` «սա մեր ախպերության ընտրությունն է, կապ չունի Հանրապետականի հետ, գնանք, ընտրենք»…»:

Նկատենք, որ նախագահական ընտրություններից առաջ էլ Դաշնակցությունում նշում էին, որ իշխանությունները ձեռնամուխ են եղել վարչական ռեսուրսի օգտագործմանը, ընտրությունների ելքը կանխորոշված է, ուստի եւ անիմաստ է մասնակցել նման ընտրություններին: Հարցին, թե ինչո՞ւ այժմ, երբ ՀՅԴ-ն կրկին ահազանգում է վարչական ռեսուրսի կիրառման մասին, կուսակցությունը որոշել է մասնակցել ընտրություններին, Վարդանյանը պատասխանեց. - «Մենք նորից համոզված ենք, որ դա շատ ճիշտ որոշում էր, որովհետեւ ընտրությունների արդյունքները կանխորոշված էին, եթե չկար միասնական ընդդիմադիր թեկնածու, ինչը եւ ապացուցվեց պաշտոնական արդյունքներով: Նախագահի ընտրությունները միամանդատ ընտրություն են, երբ հաղթում է մեկը, հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողները ոչինչ չեն ստանում: Երեւանի ընտրությունները բազմամանդատ, համամասնական ընտրություններ են, որտեղ ամեն կուսակցություն ստանում է ըստ իր աշխատանքի: Ամեն կուսակցություն ստանալու է իր ձայները, այնպես չէ, որ մեկը հաղթելու է, ստանալու է ամեն ինչ, մյուսները` ոչինչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG