Մատչելիության հղումներ

Բերեզովսկու մահն «անհասկանալի» է


Բրիտանացի ոստիկանները «անհասկանալի» են որակում ռուսաստանցի հայտնի գործարար Բորիս Բերեզովսկու մահը:

Ռուսաստանի նախագահի հիմնական եւ ամենակոշտ ընդդիմախոսի մահվան գործում ի հայտ են եկել նոր մանրամասներ, սակայն շարունակում են քննարկվել բոլոր վարկածները` սրտի կաթված, ինքնասպանություն, սպանություն:

Ռուսաստանի երբեմնի թիվ մեկ օլիգարխ Բորիս Բերեզովսկին մահացել է անցած շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի Բերքշիր կոմսության Ասքոթ ավանում գտնվող առանձնատանը, որը պատկանում էր նրա նախկին կնոջը: Վերջինս` Գալինա Բեշարովան, ըստ այսօր հայտնված տեղեկությունների, կարծիք է հայտնել, թե իր նախկին ամուսնուն սպանել են:

Ավելի վաղ, սակայն, բրիտանական ոստիկանությունը հայտնել էր, թե անցկացված փորձաքննությունները «կասկածելի որեւէ հանգամանք» չեն հայտնաբերել:

Բորիս Բերեզովսկին, ով ժամանակին Ռուսաստանի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից մեկն էր, 13 տարի առաջ էր տեղափոխվել Մեծ Բրիտանիա: Վերջին շրջանում նա ընկճված վիճակում էր, քանի որ տանուլ էր տվել դատական գործեր, կուտակել էր մեծ պարտքեր, որոնք մարելու համար անգամ սկսել էր վաճառել իր գույքը:

«Մոտ երկու ամիս առաջ Բերեզովսկին նամակ է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Նամակում նա ներողություն է հայցել, գրել է, թե գիտակցում է, որ սխալներ է գործել, խնդրել է տալ հայրենիք վերադառնալու հնարավորություն», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այդ նամակը, սակայն, առ այսօր հրապարակված չէ:

Ռուսաստանում ոչ բոլորն են հավատում, թե Բերեզովսկին սնանկացել էր: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, օրինակ, երբեմնի «գորշ կարդինալի» մահը կապում է Պուտինին պարտվելու հետ:

«Սա է Բերեզովսկու իսկական ողբերգությունը: Եվ որ մեղայական նամակ է գրել Պուտինին, ես դրան հավատում եմ», - ասել է Վենեդիկտովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG