Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի զեկույց. քաղաքաշինության ոլորտ


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Քաղաքաշինության նախարարության գործունեությանը վերաբերող հատվածը:

Ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները «վկայում են ոչ պատշաճ վերահսկողության եւ ոչ բավարար միջոցառումների իրականացման մասին»:

«Խնդիրը Քաղաքաշինության [նախարարության] տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված տեսչական ստուգումներն են, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք օրենսդրական խախտումներ տարբեր ոլորտներում, մասնավորապես` շինարարության թույլտվության կամ վերջնական ակտերի տրամադրման հետ կապված: Ինչպես նաեւ ինքնակամ շինարարության խնդիրը: 2012 թվականին գրանցվել է 80-ից ավելի ինքնակամ շինարարության դեպք, որոնց հետեւանքով խախտվել են մի շարք անձանց իրավունքներ: Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ վերստուգիչ գործողություններն իրականացվել են ոչ բոլոր մարզերում: Այսինքն` մենք չունենք ամբողջ պատկերը, թե քանի ինքնակամ շինարարության դեպք է գրանցվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Օմբուդսմենի աշխատակազմի Իրավական վերլուծության վարչության մասնագետ Սամվել Յուզբաշյանը:

Զեկույցում նաեւ նշված է, որ «ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ կապված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված անձանց բնակարան (բնակելի տուն) հատկացնելու գործընթացի կազմակերպման հետ»:

«Մարդիկ բողոքում են, որ գործընթացը թափանցիկ չէ», - ասաց Յուզբաշյանը` նշելով, որ նրանք չեն ստանում անհրաժեշտ տեղեկատվությունը:

Զեկույցում անդրադարձ կա հաշմանդամների խնդիրներին. - «Շարունակվում է գործնականում անտեսվել սակավաշարժ խմբերի եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար շինությունների հարմարեցվածության խնդիրը»:

«Համայնքների ղեկավարները մի շարք դեպքերում համաձայնություն են տվել շինարարական նախագծերին` հաշվի չառնելով դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ սակավաշարժ խմբերին», - նշեց Յուզբաշյանը:

Արձանագրված դրական միտումները վերաբերում են, մասնավորապես, Երեւան քաղաքում կիսակառույց շինությունները գույքագրելուն, կառուցվող շինությունների նկատմամբ վերահսկողության խստացմանը: Դրական է դիտվում այն, որ նախատեսվում է կրկին շրջանառության մեջ դնել «Քաղաքաշինական գործունեության վերահսկողության եւ հսկողության մասին» օրենքի նախագիծը:

Քաղաքաշինության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կարծիք կհայտնեն զեկույցը պաշտոնապես ստանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG