Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանի շտաբը կոչ է անում բացահայտել «հավանական մարդասպանին»


Փետրվարին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, պնդելով, որ մարտի 23-ի «Բարեւահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգի ժամանակ անհայտ մի տղամարդ գոռում–գոչյունով ներխուժել է Ազատության հրապարակ։

Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրությունում հրապարակում գտնվող շուրջ քսան ոստիկանները անգործություն են դրսեւորել, իսկ «հավանական մարդասպանին» վնասազերծել են Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները։

«Ստիպված ենք արտահայտել մեր խորը հիասթափությունը ՀՀ ոստիկանությունից, որը կատարելով անիրավ, քաղաքական հրահանգներ՝ միաժամանակ անհրաժեշտ պահին չխափանեց Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ոտնձգությունը եւ Ազատության հրապարակում չապահովեց քաղաքացիների անվտանգությունը», – ասված է հաղորդագրությունում։ Հովհաննիսյանի շտաբը նաեւ կոչ է արել Ոստիկանությանը «անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը, ինչպես նաեւ հանրությանը տեղեկացնել հարուցվելիք քրեական գործի բոլոր մանրամասները»։

Այս հաղորդագրությունից հետո միջադեպի մասին հաղորդագրություն է տարածել նաեւ Ոստիկանությունը, որում ասված է, որ մարտի 23-ին Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին։ Ոստիկանությունը նաեւ տեղեկացնում է, որ միջադեպի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG