Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյան. Չեխերը կրկնվող ֆուտբոլ են խաղում


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին խաղից հավաքականի գլխավոր մարզիչը դժգոհ է:

Վարդան Մինասյանի խոսքով` մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ հանդիպման ժամանակ մեր ֆուտբոլիստները վատ խաղ ցուցադրեցին, եւ Չեխիայի հետ այդպես խաղալու դեպքում ցանկալի արդյունքի չեն հասնի:

Վաղը` մարտի 26-ին, ժամը 20-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպումը: Մինասյանը ասաց, որ ամբողջ թիմով դիտել են մրցակից թիմի վերջին խաղը, մարզչական շտաբով վերլուծել Չեխերի խաղաոճը: Նրա խոսքով` մրցակից թիմը հիմնականում նույն մարտավարությամբ է խաղում:

Այս պահին մրցաշարային աղյուսակում Հայաստանի եւ Չեխիայի հավաքականները հաջորդում են իրար, ինչը, Մինասյանի կարծիքով, խաղի ընթացքում լարված մրցակցության պատճառ կարող է դառնալ:

Օրերս Չեխիայում կայացած Չեխիա-Դանիա խաղը ավարտվեց 0:3 հաշվով` հօգուտ Դանիայի, ինչը ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի կարծիքով` անսպասելի հաշիվ էր: Ինչ վերաբերում է այս խաղի ֆավորիտին, ապա Մինասյանն ասում է` հաղթանակ ավելի շատ պետք է չեխերին, քան հայերին:

Վաղվա խաղի մեկնարկային կազմի 10 ֆուտբոլիստների անունները արդեն հայտնի են, կասկածներ կան միայն մեկի հարցում: Հաղթանակի հնարավորությունը 50/50 է, հավաքականի գլխավոր մարզիչն ասում է` պայքարելու են հաղթանակի համար, հանդիպման սկզբում ավելի զուսպ կխաղան, իսկ հետագա խաղը կախված է հաշվից:

«Այլընտրանք չունենք, պետք է հաղթենք»

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը դեռ չի որոշել, թե ինչպես կխաղան չեխերը վաղվա խաղում: Այսօր ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բիլեկը հայտարարեց, որ մեկնարկային կազմը դեռ պարզ չէ, եւ միայն այսօրվա մարզումից հետո կորոշվի, թե ով կլինի դաշտում խաղի սկզբից:

«Մենք, իհարկե, գիտենք, թե ինչ դժվար վիճակում ենք հայտնվել Դանիայի հետ խաղից հետո, վաղվա խաղի համար մի քանի տարբերակներ ենք մշակել, բայց դրանք կքննարկենք միայն այսօրվա մարզումից հետո: Ճիշտն ասած` հավաքականի մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո ես մշտապես ճնշման տակ եմ եղել, բայց այսպիսի վիճակում ես դեռ երբեք չէի հայտնվել: Բոլորի համար էլ պարզ է, որ Չեխիան պետք է հաղթի, մենք այլընտրանք ուղակի չունենք», - ասաց Բիլեկը:

Չեխիայի հավաքականի ավագ Տոմաշ Ռոսիցկին նույնպես կարծում է, որ իրենք այլընտրանք չունեն: Նա ընդունեց, որ հայրենիքում կրած պարտության մեջ հենց իրենք էին մեղավոր եւ Հայաստանի հետ խաղում ամեն ինչ կանեն այդ սխալները չկրկնելու համար:

«Մենք ամբողջ թիմով հասկանում ենք, թե ինչ մեծ սխալներ ենք թույլ տվել Դանիայի հետ խաղում, սխալները ուղղելու միայն մեկ հնարավորություն ունենք՝ դա Հայաստանի հետ խաղն է», - ասաց Ռոսիցկին:

Չեխիայի հավաքականի մարզիչ Միխալ Բիլեկը մինչ Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: Թեեւ չցանկացավ խոսել այդ թեմայով, բայց ասաց, որ Հայաստանում չհաղթելու դեպքում կարող են մոռանալ աշխարհի խաղերի մասին:

«Ես, իհարկե, հետեւել եմ Հայաստանի հավաքականի ելույթներին: Մենք այսօր ամբողջ թիմով դիտում էինք Հայաստան-Իտալիա հանդիպման տեսագրությունը: Պետք է ասեմ` իտալացիներին հաջողությունը օգնեց, որ հաղթեն: Հայաստանի հավաքականը հասարակ մրցակից չէ, բայց ինչպես արդեն ասացի, մենք այլընտրանք չունենք, պետք է ձգտենք միայն հաղթանակի», - շեշտեց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG