Մատչելիության հղումներ

25-ամյա երիտասարդը ներխուժել է ԱԺ տարածք


Մասիսի 25-ամյա բնակիչ Վրեժ Գալստյանը, ըստ ականատեսների, Ազգային ժողովի տարածք է ներխուժել ժամը 15-ի սահմաններում ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքից` դանակի սպառնալիքով` «Բոլորին կսպանեմ»:

Խորհրդարանի տարածքը, ինչպես հայտնի է, պահպանվում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Գալստյանը չի ենթարկվել նրանց պահանջներին ու փորձել է ներխուժել Ազգային ժողովի շենք, եւ, ինչպես հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը, նախազգուշական կրակոցից հետո, անվտանգության աշխատակիցներից մեկը կրակել է նրա ձախ ազդրին, երբ Գալստյանն արդեն շենքի մուտքի առաջին աստիճանավանդակին էր:

Իրավապահները հաղորդում են, դանակը, որով սպառնացել է երիտասարդը, առգրավված է:

Նախնական տեղեկություններով, Վրեժ Գալստյանը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Վնասազերծելուց հետո իրավապահները Գալստյանին տեղափոխել են Բժշկական համալսարանի թիվ մեկ հիվանդանոց:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Վիկտորիա Ամիկինան, Գալստյանի կյանքին վտանգ չի սպառնում, հրազենային վնասվածքը միջանցիկ է եղել, ուստի վիրահատության կարիք չի զգացվել:

Տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրի 316-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), գործը վարում է Հատուկ քննչական ծառայությունը:

Լրագրողների մուտքը Ազգային ժողովի տարածք միջադեպից հետո արգելված էր` քննչական գործողություններին չխանգարելու պատճառաբանությամբ: Մինչդեռ ԱԺ աշխատակիցների համար ելումուտն ազատ էր:

Վերջին շրջանում սա Ազգային ժողովի տարածք ներխուժելու երկրորդ փորձն է: Նախորդ դեպքում մի տղամարդ ճաղավանդակներից բարձրացել էր Ազգային ժողովի տարածքում գտնվող ծառին: Նրան իջեցրել էին Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ սարքավորումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG