Մատչելիության հղումներ

Ղարաբաղից սկսվել է թալիշերեն ռադիոյի հեռարձակումը


Արդեն 3-րդ օրն է, ինչ Շուշիի ռադիոաշտարակից հեռարձակվում է «Թալիշստանի ձայն» («Թալիշստանի սադո») ռադիոկայանը:

Օրը հինգ անգամ մեկ ժամ տեւողությամբ ռադիոհաղորդումները եզակի են, քանի որ մինչեւ հիմա թալիշերեն լեզվով ռադիոհաղորդումներ հեռարձակվում էին միայն Իրանում, այն էլ շաբաթը երկու անգամ:

Երեւանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թալիշերեն ռադիո ստեղծելու առաջարկը ի սկզբանե հնչել է թալիշ մտավորականների կողմից Ծաղկաձորում տեղի ունեցած Թալիշագիտական միջազգային կոնֆերանսի ժամանակ:

«Թալիշստանի ձայն» ռադիոկայանը իր հաղորդումների ընթացքում անդրադառնում է թալիշների պատմությանը, ականավոր գործիչներին, թալիշագիտության խնդիրներին: Հաղորդումների 20-25 րոպեն թալիշերեն է, մոտ 15 րոպեն ադրբեջաներեն, իսկ մնացած հատվածում երաժշտություն է հնչում: Քաղաքական խնդիրներին թողարկման ընթացքում որոշել են չանդրադառնալ, անգամ քաղաքականությանը վերաբերող լուրեր չեն հաղորդելու: Կասեն այն ամենը, ինչ կապված է թալիշների հետ:

«Սա մասնավոր նախաձեռնության արդյունք է, ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի: Սա ստեղծել են Իրանագիտության կովկասյան կենտրոնը՝ մեր ամբիոնի անմիջական մասնակցությամբ, եւ «Մոդուս Վիվենդի» կենտրոնը: Երկուսն էլ մասնավոր հասարակական կազմակերպություններ են եւ, բնականաբար, այստեղ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել», - նշեց Ասատրյանը:

Ռադիոկայանի հաղորդումները պատրաստում են իրանագիտության ամբիոնի ուսանողները եւ դասախոսները: Բոլորը աշխատում են կամավորության սկզբունքով, Հայաստան են եկել անգամ մի քանի թալիշ մտավորականներ, ովքեր նույնպես օգնում են ռադիոհաղորդումների պատրաստման գործում:

Գառնիկ Ասատրյանի խոսքով, թեեւ ռադիոկայանի հիմնական լսարանը Ադրբեջանում է, բայց այն Մոսկվայից մինչեւ Թեհրան լսելու հնարավորություն կա:

Գառնիկ Ասատրյանը նշեց, որ թեեւ նման ռադիոյի գոյությանը Ադրբեջանում բացասաբար են արձագանքել, բայց բուն թալիշների մոտ այն արդեն հայտնի եւ սիրված է դարձել: Շուտով «Թալիշստանի ձայն»-ը նաեւ կայք կունենա:

Իսկ մոտ ապագայում պատրաստ կլինի նաեւ ռադիոկայանի գրասենյակը: Թեեւ այն ներկայումս ոչ մի հովանավոր չունի, բայց Գառնիկ Ասատրյանը հույս ունի, որ այդպիսիք կգտնվեն: Ի դեպ, հովանավորները կարող են լինել անգամ Ադրբեջանից:

please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG