Մատչելիության հղումներ

Հետազոտություն. Հայերի 60 տոկոսը վստահ է, որ «վատ օրերը» դեռ առջեւում են


Հայաստանում մարդիկ շատ ավելի գոհ են իրենց կյանքից, քան Եվրոպական հարեւանության եւ գործընկերության մյուս 6 երկրներում։

Եվրամիությունը հարցումներ է անցկացրել Եվրոպական հարեւանության եւ գործընկերության 7 երկրներում ` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում՝ պարզելու քաղաքացիների տրամադրությունները առկա իրավիճակի եւ սպասելիքների հետ կապված:

ԵՄ Հարեւանության բարոմետրը փաստում է, որ հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիների 67 տոկոսը լիովին գոհ են իրենց կյանքից, մինչդեռ հետազոտության մեջ ներառված մյուս երկրներում այս ցուցանիշը չի գերազանցում 47 տոկոսը:

Փոխարենը` հայաստանցիների 61 տոկոսը վստահ է, որ երկրում գործընթացները սխալ ուղղությամբ են գնում, մինչդեռ հարեւանության մյուս 6 երկրներում այդպես է կարծում միայն բնակչության 41 տոկոսը:

Հայաստանցիների վերաբերմունքը ԵՄ նույնպես ամենաբարձրն է հարեւանության մյուս երկրների համեմատությամբ: Համաձայն ԵՄ հարեւանության բարոմետրի` հարցվածների շուրջ 90 տոկոսը ԵՄ համարում է Հայաստանի կարեւոր գործընկեր, շուրջ 70 տոկոսը կիսում է եվրոպական արժեքները ու վստահում եվրոպական բարեփոխումներին: Հայաստանում 2 անգամ ավելի հարցվածներ են համարում, որ ԵՄ հետ հարաբերությունները լավն են:

«Հայաստանում անցկացված հարցումների արդյունքներով պարզվել է, որ Հայաստանը ԵՄ համարում է կար եւոր գործընկեր եւ կցանկանար, որ նրա հետ կապերը գնալով սերտանային եւ որ ԵՄ ավելի մեծ դեր խաղար բարեփոխումների անցկացման հարցում», – ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։

Ինչ վերաբերում է տնտեսական ներկա իրավիճակին, աշխատանքային եւ ընտանեկան դրությանը, ապա հայաստանցիների պատկերացումները շատ չեն տարբերվում մյուս երկրների բնակիչներից: Նրանք բոլորն էլ հիմնականում դժգոհ են իրենց երկրի տնտեսական իրավիճակից: Տնտեսական ճգնաժամի հետեւանքների հետ կապված հայաստանցիները բոլորից վատատես են. հայերի շուրջ 60 տոկոսը վստահ է, որ «վատ օրերը» դեռ առջեւում են` փաստում է ԵՄ հարեւանության բարոմետրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG