Մատչելիության հղումներ

Մերժված առաջարկները կրկին ուղարկվել են ընդդիմադիրներին


«Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյան եւ Ռուբիկ Հակոբյան
Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մերժված Սերժ Սարգսյանի առաջարկները կրկին փակ ծրարով ուղարկվել են ընդդիմադիրներին:

«Դիվանագիտական արարողակարգով եթե մերժված առաջարկությունը նորից հետ է վերադարձվում դիմացինին, դա դիտվում է վիրավորանք, արհամարհանք դիմացինի նկատմամբ», - ուրբաթ օրը Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանը:

Այդուհանդերձ նա գտնում է, թե երկխոսության ճանապարհը դեռեւս փակված չէ. - «Մենք դիտում ենք, որ այս իրավիճակը կարելի է հարթել միայն եւ միայն երկխոսության միջոցով»:

Հարցին, թե ինչ է հասկանում «Ժառանգություն» -ը «իշխանափոխության սահմանադրական ճանապարհ» ասելով, Հակոբյանն արձագանքեց. - «Ժողովրդի իշխանության հաստատում»:

«Գոնե նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության թեկնածուները հաղթել են կամ գոնե գործող նախագահը չի ընտրվել, ինչպես այս դեպքում: Մենք փորձում ենք խախտել այս ավանդույթը, որ դե ֆակտո հաղթած նախագահը դե յուրե ձեւակերպվի որպես Հայաստանի Հանրապետության նախագահ: Ստացվի՞, թե՞ ոչ` ժամանակը ցույց կտա», - նշեց նա:

Ընտրված նախագահի հաղթանակն ամրագրելու ուղիների ընտրության հարցում համակարծիք չեն կուսակիցներ Ռուբիկ Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս խոսքով` Սերժ Սարգսյանը պարտված է. - «Մենք պարտադրելու ենք խաղաղություն հենց նրան»:

Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա իրավիճակը կարգավորելու նոր առաջարկներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG