Մատչելիության հղումներ

Բաքուն քննադատում է Թուրքիային՝ Երեւան-Վան չվերթների համար


Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը
«Արտոնելով ուղիղ թռիչքներ Վանից Երեւան՝ Թուրքիան խորացնում է Լեռնային Ղարաբաղի օկուպացիան», - գրել է այսօր ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովը թուրքական «Զաման»-ում:

Վերլուծաբանը պնդում է, թե «մինչեւ օրս Թուրքիան կարողացել է հաջողությամբ առաջ տանել Հայաստանի մեկուսացման եւ զսպման իր քաղաքականությունը, սակայն այժմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսվող նոր ուղիղ չվերթը ակնհայտորեն խախտում է այս մարտավարությունը»:

Ավելի վաղ, հիշեցնենք, թեմային անդրադարձել էր նաեւ պաշտոնական Բաքուն՝ հրապարակավ քննադատելով հաջորդ ամսվանից մեկնարկող նախաձեռնությունը:

«Դրանով Անկարան աջակցում ու ուժեղացնում է մի երկրի, որը շարունակում է օկուպացնել ադրբեջանական տարածքները», - հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը եւ բացահայտորեն խոստովանել, որ Բաքուն ոչ միայն մտահոգված է, այլեւ խանդով է վերաբերվում հայ-թուրքական հարաբերություններին. - «Երբ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնում է այնպիսի երկիր, որի հետ մենք բարեկամական կապեր ունենք եւ որի ռազմավարական շահերը համընկնում են Ադրբեջանի շահերին, ապա մենք կրկնակի խանդով ենք վերաբերվում դրան»:

«Զաման»-ում հրապարակած հոդվածում ադրբեջանցի վերլուծաբանը եւս փաստում է, որ հայ-թուրքական հարաբերությունների դաշտում ցանկացած քայլ բուռն արձագանքի է արժանանում Ադրբեջանում:

«Պատմությունը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման հեռանկար է բացվում, Երեւանը սառեցնում է բանակցությունները Ադրբեջանի հետ: Եվ ամենեւին զարմանալի չէ, որ ադրբեջանցիները զայրացած են երկու հարեւանների միջեւ ակտիվացող կապերից, որոնք Հայաստանին դարձնում են ավելի կոշտ եւ անդրդվելի Ադրբեջան հետ բանակցություններում», - գրել է ադրբեջանցի վերլուծաբանը:

Թեմային այսօր անդրադարձել է նաեւ թուրքական «Ջիհան» գործակալությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ չվերթներ կան վաղուց: Նոր նախաձեռնությունը, սակայն, լուրջ դժգոհություն է առաջ բերել Ադրբեջանում մի քանի պատճառով. - «Նախ, Բաքվում կարծում են, որ պաշտոնական Անկարան ինչ-որ ծրագիր ունի 1915 թվականի ողբերգության հարյուրամյա տարելիցին՝ 2015-ին ընդառաջ, սակայն, որեւէ բան այդ մասին չի բարձաձայնում: Արդյունքում Ադրբեջանում մտավախություններ են առաջ գալիս, թե գուցե հիմքեր են ստեղծվում հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերականգման համար»:

Որպես ասվածի ապացույց հոդվածագիրը փաստում է, որ Թուրքիայի նախագահը հայաստանցի իր գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանին, նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց վերջնական արդյունքների հրապարակումից օրեր առաջ, ինչը է'լ ավելի խորացրեց ադրբեջանցիների զայրույթը:

«Նախ՝ շատերի համոզմամբ, հենց Գյուլն է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իրական նախաձեռնողը: Բացի այդ, Ադրբեջանում շատերն են հիշում, որ 2008-ին «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկը տրվեց հենց այսպես, սակայն` այլ ռազմավարութմամբ», - գրում է թուրքական գործակալությունն ու հիշեցնում. - «Անգամ այն բանից հետո, երբ ցյուրիխյան արձանագրությունները ձախողվեցին, Գյուլը հայտարարեց, թե Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ «լուռ դիվանագիտությունը», ասել է թե` կապերը կզարգանան փակ դռների ետեւում»:

Նշենք, որ ադրբեջանական կողմի դժգոհություններին ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարությունը եւ Բաքվում Թուրքիայի դեսպանը մի քանի անգամ արդեն հայտարարել են, թե Երեւան-Վան չվերթը իրականացվում է ոչ թե Թուրքիայի կառավարության, այլ մասնավոր ընկերության կողմից: Անկարայի պաշտոնական այս պարզաբանումը, սակայն, Ադրբեջանի իշխանություններին կարծես չի գոհացրել, կասկածները չի փարատել:

«Դեռ պետք է պարզել, թե որքանով են ձեռնտու եւ եկամտաբեր այդ չվերթները մասնավոր ընկերության համար», - նախօրեին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG