Մատչելիության հղումներ

Դիարբեքիրում կընթերցվի Օջալանի նամակը


Թուրքիա - Սալահետտին Դեմիրթաշը (կենտրոնում) վառում է Նովրուզի կրակը՝ Աբդուլա Օջալանի մեծադիր դիմանկարի ֆոնին, Ստամբուլ, 17-ը մարտի, 2013թ.
Թուրքիա - Սալահետտին Դեմիրթաշը (կենտրոնում) վառում է Նովրուզի կրակը՝ Աբդուլա Օջալանի մեծադիր դիմանկարի ֆոնին, Ստամբուլ, 17-ը մարտի, 2013թ.
Եվս մի քանի ժամ, եւ, ըստ ամենայնի, կազդարարվի գրեթե 30 տարի շարունակված թուրք - քրդական հակամարտության գոնե ակտիվ փուլի ավարտը: Մի քանի ժամից Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբերքիրում` Նովրուզի տոնակատարությունների շրջանակում անցկացվող բազմահազարանոց ցույցի ժամանակ, կընթերցվի Քրդական աշխատավորական կուսակցության` PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի նամակը:

Ըստ թուրքական մամուլի` այս ուղերձը, որն, ի դեպ, ցուցարարներին կընթերցվի երկու լեզվով` թե՛ թուրքերեն եւ թե՛ քրդերեն, իրենից քրդական խնդրի լուծման յուրատեսակ ճանապարհային քարտեզ է ներկայացնում:

«Ակնկալվում է, որ Օջալանը կոչ կանի միակողմանի հրադադար հայտարարել` վերջ տալով թուրքական բանակի եւ ոստիկանության դեմ իրականացվող զինված գործողություններին», - գրում է Zaman-ը՝ հավելելով. - «Չի բացառվում, որ Օջալանի նամակը նաեւ հստակ ժամանակացույց պարունակի, որի հիման վրա քրդական ջոկատները կլքեն Թուրքիայի տարածքը»:

Թերթի տեղեկություններով՝ այսօր Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում գործում է շուրջ 2 հազար քուրդ զինյալ, որոնք Օջալանի կոչի պաշտոնական հրապարակման դեպքում կհատեն թուրք - իրաքյան սահմանը` վերադառնալով Ղանդիլ լեռան ստորոտում գտնվող բազաներ:

Կիրակի օրը Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլա Էնգինն իր հեռուստատեսային հարցազրույցում կանխատեսում էր, որ զինյալների դուրսբերումը կշարունակվի մինչեւ տարեվերջ:

Hurriyet-ի տեղեկություններով՝ Իմրալի կղզում գտնվող Օջալանի նամակն արդեն պատրաստ է: «Լույս հինգշաբթի գիշերն անվտանգության ուժերն այդ նամակը կփոխանցեն քուրդ պատգամավորներին, որոնցից երկուսն էլ կընթերցեն այն Դիարբեքիրի հանրահավաքի ժամանակ», - թերթին է փոխանցել Թուրքիայի ամենաազդեցիկ քրդական քաղաքական ուժի` Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության համանախագահ Սալահետտին Դեմիրթաշը:

Թուրքական լրատվամիջոցները նկատում են, սակայն, որ հրադադարի մեկնարկն ու զինյալների կազմակերպված նահանջը դեպի Իրաք Քրդական աշխատավորական կուսակցության ջոկատների զինաթափում չեն նշանակի:

Zaman-ի տեղեկություններով, Թուրքիայի խորհրդարանի ամենաազդեցիկ քուրդ պատգամավորներից մեկը` Գյուլթեն Քիշանաքը մասնավոր զրույցներում ասել է, որ զինաթափումը կլինի քրդական խնդրի լուծման վերջին փուլը: «Դա տեղի կունենա այն դեպքում, երբ մենք հստակ առաջընթաց տեսնենք քրդական խնդրի քաղաքական լուծման ճանապարհին, մասնավորաբար՝ քրդական ինքնավարության ստեղծման հարցում», - նշել է պատգամավորը:
«Համաշխարհայի փորձը վկայում է, որ քրդական ջոկատների զինաթափումը կարող է շատ երկարատեւ մի գործընթացի վերածվել: Ասենք, Իռլանդական հանրապետական բանակի եւ Հյուսիսային Իռլանդիայում գործող բողոքական խմբավորումների զինաթափումը սկիզբ առավ 1996 թվականին, սակայն միայն դրանից 14 տարի անց` 2010 թվականին, բրիտանական իշխանությունները հայտարարեցին, որ այդ պրոցեսն ավարտվել է», - նշում է Zaman-ի մեկնաբան Լեյլա Քեմալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG