Մատչելիության հղումներ

Մեղադրանքի էությունը Խաչիկյանի համար պարզ չէ


Կալանավորված Վազգեն Խաչիկյանը իր տարեդարձը կնշի «հանուն ազգի աղոթելով»
please wait

No media source currently available

0:00 0:00:51 0:00
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Վազգեն Խաչիկյանի ու նրա 12 գործընկերների դատավարությունը:

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, իշխող հանրապետական կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար:

Դատարանում Խաչիկյանը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ կարճ պատասխան տվեց՝ ինքը չի ընդունում իր մեղքը:

Այսօրվա դատական նիստին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Հովհաննես Ենոքյանը հասցրեց ներկայացնել միայն Խաչիկյանի մասով մեղադրանքը: Ըստ դրա, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետը ծառայության ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեւավորել է կազմակերպված խումբ, որը 5 տարվա ընթացքում՝ 2005 թվականից մինչեւ 2010 թվականը, կեղծ դիմումներ պատրաստելով, կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով հափշտակել են հանրապետությունից բացակայող, մահացած թոշակառուների թոշակները: Ընդհանուր առմամբ, ըստ մեղադրանքի, Խաչիկյանի ու նրա նախկին գործընկերների հափշտակած գումարը գերազանցում է 260 միլիոն դրամը: Այս գումարից զատ, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետը խարդախությամբ հափշտակել է նաեւ 29 միլիոն դրամ, որը պետք է մուտքագրվեր պետական բյուջե:

Խաչիկյանն ու նրա պաշտպան Ժորա Վարոսյանը ոչ միայն չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, այլեւ դատարանում հայտարարեցին, որ իրենց համար պարզ չէ մեղադրանքի էությունը:

«Մասնավորապես, նշված է կեղծ ցուցակներ կազմելը, հանձնելը, քերվածքներ կատարելը։ Երբ նշում ենք, որ էությունը մեզ հասկանալի չէ, նկատի ունենք, որ չի նշված, թե կոնկրետ նշված արարքներից ո՞րն է կատարել Խաչիկյանը», – դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Վարոսյանը՝ հավելելով, թե Խաչիկյանը որեւէ ցուցակ չի կազմել, որեւէ մեկին չի հանձնել, քերելու միջոցով ուղղում չի կատարել։

Դատական նիստի ժամանակ դատավորը մերժեց ամբաստանյալներից մեկի՝ Հայաստանի սոցիալական ապահովության նախարարության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանի ու նրա պաշտպան Արամ Զաքարյանի միջնորդությունը՝ փոփոխելու կալանքը գրավի միջոցով:

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG