Մատչելիության հղումներ

Բուռն բանավեճ ԱԺ-ում` Նիկոլ Փաշինյանի եւ Տիգրան Մուկուչյանի միջեւ


Բուռն բանավեճ ԱԺ-ում` Նիկոլ Փաշինյանի եւ Տիգրան Մուկուչյանի միջեւ
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00
2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրությունը այսօր Ազգային ժողովում բուռն վեճի առարկա դարձավ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը Ազգային ժողովի ամբիոնից պնդեց, որ անցած տարվա խորհրդարանական ընտրությունները անցկացվել են ընտրական օրենսգրքի պահանջների լիակատար պահպանմամբ:

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության անդամ, մայիսյան ընտրություններում թիվ 7 ընտրատարածքից պատգամավորության նախկին թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` նախորդ ընտրությունները կեղծվել են, մեկ ամիս առաջ անցկացված նախագահականը` նույնպես, կեղծվելու են նաեւ մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները:

«Եթե Ձեզ թվում է, թե այդ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, Դուք չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում, Ձեր դաստիարակությունը հերիքում է, որպեսզի դուք Ազգային ժողովի ամբիոնից մի ամբողջ ժողովրդի եւ հասարակության ստեք եւ սուտ փաստեր ներկայացնեք», - ԿԸՀ նախագահին դիմելով` ասաց Փաշինյանը եւ շարունակեց. - «Հենց Ձեր դեմ դիմաց նստած է մի անձնավորություն, ով 2012 թվականի ապրիլի 3-ին մամուլին ասել է, որ ընտրացուցակներում մինչեւ 20-30 հազար Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք են ներգրավված: Այդ մարդկանց անունները հանվե՞լ են, այդ հայտարարության հետ կապված քրեական գործ հարուցվե՞լ է, որեւէ մեկը պատժվե՞լ է»:

«Նկատի ունենալով իմ դաստիարակությունը` չեմ կարող իջնել այդ մակարդակի եւ նույն ոճում խոսել, երեւի դա է Ձեզ թույլ տալիս նման կերպ վարվել, այնուամենայնիվ, ես գիտակցում եմ, որ գտնվում եմ ՀՀ խորհրդարանում եւ կփորձեմ առավելագույնը պարկեշտ պատասխանել այն հարցերին, որոնք Ձեր կողմից ներկայացվեցին. ընտրողների ցուցակների հետ կապված առկա չէ որեւէ հիմնավոր դիմում ուղղված լիազոր մարմնին ճշգրտում կամ շտկում կատարելու, որը չի բավարարվել», - պատասխանեց Մուկուչյանը:

«Պատրաստ եմ ապացուցել ասածս յուրաքանչյուր խոսք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` ԿԸՀ նախագահին հրավիրելով բանավեճի եւ պնդելով, որ ԿԸՀ-ն կեղծել է նաեւ ԱԺ ներկայացված հաշվետվությունը:

Փաշինյանը ցանկանում էր շարունակել, սակայն նրան հատկացված ժամանակը սպառվել էր: ԱԺ նախագահը պատգամավորին խոսքի իրավունք չտվեց. - «Դարձել եք միանձնյա, միահեծան ղեկավար էս երկրում, բոլորին հրավիրում եք на кавер, ինչո՞ւ, խնդրում եմ, մեր կանոնակարգը չխախտել», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

ԿԸՀ նախագահը այսօր նաեւ հայտարարեց, որ ընտրած քաղաքացիների ցուցակները չեն հրապարակվի: Դրանց հրապարակման համար, հիշեցնենք, մի քանի տարի է պայքարում է ընդդիմությունը` պնդելով, որ այն ընտրակեղծարարությունը կանխելու լավագույն տարբերակներից մեկը կդառնա: Փոխարենը ԿԸՀ-ն այլ առաջարկներ է անում` վերջին երկու ընտրություններում օգտագործվող, բայց ցնդող դրոշմակնիքի նորմը վերացնելու, որպես ընտրակաշառքի դեմ պայքարի արդյունավետ միջոց էլ` ընտրակաշառքի մասին հաղորդում ներկայացնողներին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ (Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում ինչպես ընտրակաշառքի տալու, այնպես էլ ստանալու համար):

Նշենք, որ ԿԸՀ-ի այս հաղորդագրությունը ի գիտություն է ընդունվում պատգամավորների կողմից. նրանք այն ոչ հաստատելու, ոչ էլ մերժելու հնարավորություն չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG