Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է ԵՄ գլխավոր բանակցողին


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հայաստան - Եվրամիություն Ասոցիացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ 2010 թվականի հուլիսից մեկնարկած Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները երկուստեք ջանքերի շնորհիվ արդեն մոտենում են եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաեւ անցած տարվա հունիսից մեկնարկած Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները:

Նալբանդյանը ասել է, որ Հայաստանի իշխանությունները` նախագահի ղեկավարությամբ, ձեռնամուխ են եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ ժողովրդավարական հաստատությունները եւ օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները եւ համապատասխան օրենսդրությունը բարելավելու եւ քաղաքացիական հասարակության դերն ամրապնդելու նպատակով, այս ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են, եւ Եվրամիությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է նախատեսել Հայաստանի համար` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին համաձայն:

Զրուցակիցները նշել են, որ կողմերի ընդհանուր նպատակն է մինչեւ այս տարվա նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան - ԵՄ Ասոցիացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:

Նալբանդյանը եւ Վիգանդը կարեւորել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ քաղաքացիների շարժունակությունը եւ շփումները խրախուսելու ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը, մասնավորապես, անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ-ի երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը, եւ հույս են հայտնել, որ այն շուտով կվավերացվի եւ կմտնի ուժի մեջ։

Անդրադարձ է կատարվել նաեւ Ասոցիացման օրակարգի ձեւավորման շուրջ քննարկումներին, որը փոխարինելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրին:

Նույն օրը ԱԳՆ-ում մեկնարկել է Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ լիագումար նիստը, որն իր ելույթով բացել է Էդվարդ Նալբանդյանը:

Այնուհետեւ տեղի է ունեցել աշխատանքային նիստը, որը հայկական կողմից վարում էր արտգործնախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG