Մատչելիության հղումներ

«Քարանձավների պահպանության խնդիրը պետք է լուծել շահագործման ճանապարհով»


Մոզրովի քարանձավ, Վայոց ձոր
Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը եւ «Ինկար» ընկերության ներկայացուցիչ Սմբատ Դավթյանը առաջարկում են Հայաստանի քարանձավների պահպանության խնդիրը լուծել շահագործման ճանապարհով, սակայն, նրանց խոսքով` մշակույթի նախարարությունը խանգարում է իրենց:

Շահինյանի եւ Դավթյանի խոսքով` թեեւ մշակույթի նախարարության խնդիրն է հետեւողական լինել քարանձավների վիճակին, սակայն երբ որեւէ ընկերություն ցանկություն է հայտնում վարձակալել եւ շահագործման հանձնել քարանձավը, նախարարությունը հստակ պատասխան չի տալիս:

Նրանց նրանց` քարանձավների պահպանության գործում մշակույթի նախարարությունը ոչ մի հստակ լուծում չի առաջարկում, մինչդեռ «Ինկար» ընկերությունը ցանկություն է հայտնում շահագործման ճանապարհով լուծել քարանձավների պահպանության խնդիրը: Հայաստանի քարանձավները հատուկ պահպանության կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի դրանց տարածքում իրականացնել զբոսաշրջություն, նշեցին ասուլիսի բանախոսները:

«Ծրագիրը ներկայացվեց, դրական փորձաքննություն ստացանք, ներկայացրեցինք մշակույթի նախարարություն, նախարարությունը տվեց իր համաձայնությունը քարանձավը մեր կազմակերպությանը տրամադրելու համար, անցել է մեկ ու կես տարի, եւ արդեն պարզ է, թե մշակույթի նախարարությունը ինչ քաղաքականություն է որդեգրել», - նշեց Սմբատ Դավթյանը` հավելելով, թե հինգ եւ կես տարի նախարարությունը զբաղված է միայն իրենց խանգարելով:

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստացանք մշակույթի նախարարության Պատմամշակութային հուշարձանների պահպանման գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանից:

«Մագիլի քարանձավի վերաբերյալ ծրագիրը քննարկվել է եւ դրա նկատմամբ մերժում չի եղել, իրավական դաշտում պետք է համապատասխան ճշգրտում կատարվի, որպեսզի մշակույթի նախարարությունը կարողանա այն տրամադրել վարձակալության կամ օգտագործման: Մենք դիմել ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրին, որպեսզի իրենք ներկայացնեն` Մագիլի քարանձավը գտնվում է պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, թե այդ տարածքից դուրս է, որովհետեւ այստեղ նաեւ սեփականության խնդիրն է առաջ գալիս», - փոխանցեց Մուսոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG