Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի նախագահի հետ


Պաշտոնական այցով ժամանեց ուրբաթ օրը Հունաստան ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը։

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Նալբանդյանն ու Պապուլիասը դրական են գնահատել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար:

«Զրուցակիցներն համակարծիք էին, որ հայ-հունական հարաբերությունները առանձնաշնորհյալ բնույթ են կրում իրենց փոխըմբռնման եւ փոխվստահության բարձր մակարդակի շնորհիվ», - ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցություններին:

Զրուցակիցներն անդրադարձան կրթական եւ մշակութային բնագավառներում համագործակցության խթանմանը: Այս առումով Հունաստանի նախագահը նշել է, որ կնախաձեռնի հայ երիտասարդներին Հունաստանի ԲՈւՀ-երում ուսանելու նպատակով հատկացվող կրթաթոշակների քանակի ավելացում։

Հանդիպման օրակարգում էին կիպրական հարցի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Կիպրոսին սատարելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի նախագահին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հունաստանի նախագահը խնդրել է իր հարգանքն ու ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի ղեկավարին եւ տեղեկացնել, որ ընդունելով ՀՀ նախագահի հրավերը՝ սիրով կայցելի Հայաստան։ի

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Էվանգելոս Մեյմարակիսի հետ: Զրուցակիցները կարեւորել են հունահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնեց Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար։

Հունաստանի խորհրդարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, խորհրդարանի նախկին ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի եւ խմբի անդամների հետ։

Նույն օրը կայացել են Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Դիմիտրիս Ավրամոպուլոսի բանակցությունները:

Նախարարները անդրադարձել են քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեության, ռազմական համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի, տուրիզմի, մշակույթի եւ կրթության բնագավառներում փոխգործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: 2014 թվականին ԵՄ-ում Հունաստանի նախագահության ենթատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա աշնանը բարձր մակարդակի միջկառավարական հանդիպում անցկացնելու, ինչպես նաեւ երկու երկրների ԱԳՆ–երի դիվանագիտական կրթական հաստատությունների միջեւ փոխանակումներ իրականացնելու վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում են եղել նաեւ կիպրական հիմնահարցի կարգավորման ու ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն առնչվող հարցերը: Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարները քննարկել են մերձավորարեւելյան զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանը իր հույն գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան։

Հանդիպման ավարտին նախարարներ Նալբանդյանն ու Ավրամոպուլոսը ստորագրել են ԱԳՆ-երի միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, ապա հանդես եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Մարտի 15-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հունաստանում ՀՀ դեսպանատուն, ուր հանդիպում ունեցավ հունահայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG