Մատչելիության հղումներ

Դասախոսը կարծում է` իր պայմանագիրը չեն թարմացրել ԵՊՀ-ին քննադատելու պատճառով


Երեւանի պետական համալսարան
Երեւանի պետական համալսարան
Երեկ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հեռակա բաժնում դասավանդոդ դասախոս Արարատ Միրզոյանը պարզել է, որ իր պայմանագիրը չի թարմացվելու ու մարտի կեսից, ինչպես կարծում էր մինչեւ երեկ, այլեւս չի դասավանդի պետական համալսարանում:

Միրզոյանը պատմական գիտությունների թեկնածու է, դասավանդել է այլ հաստատություններում, իսկ ԵՊՀ-ում սկսել է դասավանդել 2012-ի սեպտեմբերից: Նրա պայմանագիրն ավարտվել է դեկտեմբերին, թեեւ հունվարին նշանակված քննությունը վարել Արարատ Միրզոյանը, ստորագրել է ամփոփաթերթիկները ու վստահ եղել, որ պայմանգիր նորից կնքվելու է մարտին:

«Առաջարկ եղել է, իմ համաձայնությունը եղել է, եւ հիմա պարզվում է, որ ռեկտորատը մերժել է ինձ», - պատմեց Միրզոյանը:

Արդեն նախկին դասախոսը կարծում է, որ իր պայմանագիրը ԵՊՀ-ն չի ցանկացել թարմացնել, որովհետեւ ինքը հրապարակայնորեն քննադատել է համալսարանին ու ռեկտորից պահանջել է օգնականին ազատել աշխատանքից:

Փետրվարի վերջին, երբ ԵՊՀ-ի եւ այլ բուհերի խումբ ուսանողներ դասադուլ էին անում, նրանց եւ ԵՊՀ-ի մեկ ուսանողների խմբի միջեւ վեճ էր ծագել, հնչել էին վիրավորական խոսքեր, իսկ այնտեղ ներկա ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանը բոլորի նաեւ տեսախցիկների համար լսելի համակարգել էր ուսանողներին ու նրանց դիմել այսպես «զորքը բեր առաջ, Ախալքալակի տղերքին բեր առաջ»: Այս միջադեպից հետո Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքում տեքստ տարածեց, որին միացան մի շարք այլ դասախոսներ: Նա նախարարից եւ համալսարանի ռեկտորից պահանջել էր պաշտոնապես պարզաբանել միջադեպը եւ պատժել «իրենց պաշտոնը չարաշահած եւ լիազորությունները գերազանցած անձանց»:

«Իրերը իրենց մասին խոսում են, այստեղ ուղղակի մեծ ցանկության դեպքում կարող ես չնկատելու տալ որոշ համընկնումներ», - ասաց Միրզոյանը:

Այսօր Միրզոյանի պայմանագիրը չթարմացնելու վերաբերյալ լրագրողները մեկնաբանություն խնդրեցին կրթության նախարար Արմեն Աշոտյանից:

«Որքանով ես գիտեմ, Արարատը ժամավճարով աշխատող դասախոս էր: Եթե ուզում եք ինչ-որ քաղաքական բաներ փնտրել, դուք էլ, գիտեք, ես էլ գիտեմ, ԵՊՀ-ում աշխատող բազմաթիվ ավելի կտրուկ եւ կոշտ քաղաքական դիրքորոշումներ ունեցող դասախոսներ կան, որոնք աշխատում են: Ես անձամբ չեմ դիտարկում խնդիրը ինչ-որ հայտարարության դիմաց վարչական պատիժ», - ասաց նախարարը:

Միրզոյանը Արմեն Աշոտյանին հակադարձում ու ասում, որ ինքը քաղաքական հայտարարություն չի արել, պարզապես որպես ԵՊՀ-ի դասախոս` քննադատել է ռեկտորատի գործունեությունը:

Տեղի ունեցածի վերաբերյալ ԵՊՀ-ի լրատվական բաժինը պարզաբանում է տարածել` նշելով, որ «Արարատ Միրզոյանը 2013-ից այլեւս չի հանդիսացել ԵՊՀ-ում դասավանդող անձ եւ ԵՊՀ-ի հետ չի ունեցել իրավաքաղաքացիական որեւէ հարաբերություն»:

ԵՊՀ-ն նաեւ պարզաբանել է, որ իրենց կողմից հետեւողականորեն տարվում է քաղաքականություն հեռակա համակարգում դասավանդելու գործում ներգրավել հիմնական աշխատող դասախոսներին, եւ փաստորեն, չի եղել անհրաժեշտություն Արարատ Միրզոյանին այս կիսամյակ եւս ներգրավել ուսուցման գործընթացում:

«Ցավով ենք արձանագրում, որ, արդեն որերորդ անգամ համալսարանի հետ կապ չունեցող անձինք, ներկայանալով համալսարանական, անհիմն քննադատում են համալսարանին», - ասված է ԵՊՀ-ի հայտարարությունում:
XS
SM
MD
LG