Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ի նախագահը ՍԴ ներկայացված դիմումը «մերկապարանոց» է համարում


ՀՀ սահմանադրական դատարանի անդամները, արխիվ
ՀՀ սահմանադրական դատարանի անդամները, արխիվ
Իր գործունեության ընթացքում Սահմանադրական դատարանը (ՍԴ) նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող որեւէ ընդդիմադիր թեկնածուի դիմում չի բավարարել:

Նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքներն այս անգամ պահանջում են չեղյալ համարել նախագահի երկու թեկնածուներ` Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը: Բարձր դատարանը այսօր կհրապարակի իր որոշումը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի կարծիքով` ՍԴ-ն 1996 թվականից իր վեր, մերժելով ընտրական գործընթացներին վերաբերող բոլոր դիմումները, արդարադատություն չի իրականացրել:

«Ժառանգության» պատգամավորի խոսքով` եթե դատարանը այս անգամ էլ հասարակությանը բավարարող որոշում չկայացնի, ընդդիմությունն իր պայքարի մեթոդներն ունի:

«Շատ եմ ցավում, որ մենք ստիպված ենք լինելու արդարադատություն իրականացնել այլընտրանքային դատարանի միջոցով` Ազատության հրապարակում», - ասաց Փոստանջյանը:

«Մեր հանրությունում անվստահությունը իշխող կուսակցության նկատմամբ ավելացել է, ոչ թե պակասել է, եւ մեր երկիրը այսօր կանգնած է քաղաքական ճգնաժամի առջեւ, որը կարող է բերել նաեւ հեղափոխական զարգացումների», - իր հերթին հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը:

Թե Հովհաննիսյանը, թե Ղուկասյանը կարծում են, որ նախագահի ընտրություններում ընտրակեղծիքները կրել են համատարած բնույթ, դրանց նպաստել են ընտրությունները կազմակերպող եռաստիճան ընտրական հանձնաժողովները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավորությամբ:

ԿԸՀ նախագահն ընդունում է` հասարակությունում ընտրությունների վերաբերյալ անվստահություն կա, բայց եւ այնպես, Տիգրան Մուկուչյանին գնահատմամբ, 1996-ից հետո այսպիսի մերկապարանոց դիմում ՍԴ-ում դեռ չէր քննվել, անգամ մուտք չէր եղել:

«Սա էլ նախադեպը չունեցող մի գործի քննություն է», - ասաց ԿԸՀ-ի նախագահը:

Հովհաննիսյանի ներկայացուցիչը հակադրում է. - «Ազգս գիտի, որ ընտրակաշառքի դեպքերը համատարած են եղել, իսկ ոստիկանությունը նման որեւէ դեպք չի հայտնաբերել»:

Դատարանում նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնող Հրայր Թովմասյանը ՍԴ-ի որոշումից ընտրություններին վերաբերող մեկնաբանություններին իրավական եւ քաղաքական վերջակետ է ակնկալում:

«Այս օրերին այս դահլիճում կար էմոցիա, հուզմունք, կար քաղաքական հռետորաբանություն, բայց չկար իրավունք», - ասաց արդարադատության նախարարը. - «Եթե եկել եք այստեղ միայն նրա համար, որ հետո ելնենք ասենք` ով ժողովրդի կողքին է, ով` ոչ, քաղաքական հռետորաբանության մեջ սա ընդունված է, բայց իրավական առումով կարծում եմ, որ ընդունված չէ»:

Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները նաեւ պատասխանեցին ՍԴ-ում այս օրերին բազմիցս բարձրացված եւ ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուների կարծիքով` դրանց կեղծված լինելու մասին վկայող Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, թե ընտրությունները ինքն է կազմակերպել, նաեւ «ինչքան ուզենք, այնքան կխփենք» արտահայտության մեկնաբանություններին:

Հրայր Թովմասյանն ասաց. - «Ի՞նչ է նշանակում կխփեմ, չէր ասել ինչքան ուզեմ, էնքան կխփեմ, ասել էր` որքա՞ն ես ուզում, ինչքան ասես, այնքան էլ կխփեմ»:
Արդարադատության նախարարը նախագահի այս հայտարարությունը ինքնավստահ մարդու խոսք է համարում, որը գնահատում է իր շանսերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG