Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ի փոխնախագահը արձագանքում է օմբուդսմենի զեկույցին


Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյան
Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյան
Մարդու իրավունքների պաշտպանը 2012 թվականի տարեկան զեկույցում մտահոգություն է հայտնել այն բազմաթիվ դեպքերի կապակցությամբ, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ:

«Եթե իսկապես կոնկրետ փաստեր կան, դրանք պետք է ներկայացվեն մեզ: Ցավոք, մենք այդ փաստերը չենք ստանում: Ուղղակի հայտարարությունների դաշտում, ենթադրությունների դաշտում իրականացվում են այդ գնահատությունները, վերլուծությունները ու ներկայացվում են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը` շարունակելով. - «Մեր երկրի որեւէ օրենքով, այդ թվում` հիմնական օրենքով արգելված չէ, որ պաշտոնյայի եղբայրը, քույրը, կինը, ամուսինը զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Հիշեցմանը, որ մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը ունի մի շարք բիզնեսներ` Ալավերդյանն արձագանքեց. - «Ինչպես Պետեկամուտների կոմիտեի, այնպեսեւ բոլոր պետական մարմինների [պաշտոնյաների] բարեկամների, մերձավորների համար բիզնեսով զբաղվելու որեւէ սահմանափակում չկա: Այդ թվում` եւ պարոն Խաչատրյանի: Պարոն Խաչատրյանն անձամբ ինքը բիզնեսով չի զբաղվում»:

ՊԵԿ-ի այլ ծառայողներին առնչվող դեպքեր, ըստ Ալավերդյանի, կան. - «Եվ տվյալ ծառայողը կամ ազատվել է աշխատանքից, կամ բացահայտվել են հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկվել»:

Հակադարձելով ՄԻՊ-ի զեկույցի արձանագրմանը, թե ՊԵԿ-ը հստակ եւ արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում նվազեցնելու ուղղությամբ` Արմեն Ալավերդյանն ասաց. - «Անցած տարի հաջողություն ունեցել ենք: Դա է փաստում այն հանգամանքը, որ պետական բյուժեի լրացուցիչ 101 միլիարդի մեջ 85 միլիարդ դրամը տնտեսական գործոններով եւ վարչարարությամբ պայմանավորված աճն է եղել»:

ՄԻՊ-ի զեկույցն արձանագրում է նաեւ հարկային եւ մաքսային ծառայողների կողմից տնտեսվարողների հետ շփման ընթացքում էթիկայի եւ վարքագծի կանոնների խախտման դեպքեր:

«Նման դեպքերում անցկացվում է ծառայողական քննություն», - նշեց Արմեն Ալավերդյանը:

Հարցին, թե որքանով է օբյեկտիվ գնահատում ՄԻՊ-ի զեկույցը, Արմեն Ալավերդյանը պատասխանեց. - «Անուղղակի առումով ամեն ինչն էլ քաղաքացիների շահերի հետ առնչվում է: Այն գնահատականները, այն վերլուծությունները, որոնք մենք կիսում ենք, անցած տարի էլ ենք աշխատել ՄԻՊ-ի հետ, այս տարի էլ կաշխատենք, մենք այդ թերացումների առումով շարունակելու ենք աշխատել»:

Օմբուդսմենի զեկույցում կան գնահատականներ, որոնց հետ ՊԵԿ-ը համաձայն չէ` կոչ անելով հրապարակումներում լինել «ավելի փաստարկված ու կոնկրետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG