Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանում կարող է քննարկվել հայ ներգաղթյալների հարցը


Թուրքայի խորհրդարանը, արխիվ
Թուրքայի խորհրդարանը, արխիվ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ պահանջելով Թուրքիայում հայ ներգաղթյալների խնդիրները ուսումնասիրելու եւ լուծելու համար խորհրդարանական լսումներ անցկացնել: Այս մասին հաղորդում է «Անադուլու» գործակալությունը:

Առաջարկը գրավոր ներկայացվել է խորհրդարանի նախագահի գրասենյակ: Փաստաթուղթը ստորագրել են Ստամբուլի փոխքաղաքապետ, ԺՀԿ անդամ Սեզգին Թանկուլուն եւ նրա գործընկերը: Օրենսդիր մարմնում լսումներ անցկացնելու հիմնավորման մեջ նշված է, որ ներգաղթյալները Թուրքիայում ապրում են ծանր պայմաններում, ինչը կարող է հանգեցնել մահվան դեպքերի:

Հիմնավորման մեջ նշված է Նարինե Մկրտչյանի ինքնասպանության դեպքը, ով սոցիալական վատ պայմանների պատճառով տեղափոխվել էր Ստամբուլ:

«Մենք կարծում ենք նման ողբերգական շատ դեպքեր կան», - նշված է ընդդիմադիրների դիմումում:

Հիշատակված է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` 2010 թվականին արած հայտարարությունը, թե Թուրքիայում մոտավորապես 100 հազար հայեր են ապրում, որոնք Թուրքիայի քաղաքացիներ չեն:

«Կառավարությունը, որն իրեն չի զսպում հայ ներգաղթյալներին որպես հաղթաքարտ օգտագործելու մեջ, պետք է նույն կերպ իրեն չզսպի նաեւ նրանց կյանքի պայմանները վերափոխելու համար», - նշված է հայ ներգաղթյալների հարցով խորհրդարանական լսումներ պահանջող դիմումում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG