Մատչելիության հղումներ

Յուրա Մովսիսյանի աղմկալի դեբյուտը «Սպարտակ»-ի կազմում


Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, Երեւան, 30-ը դեկտեմբերի, 2011թ.
Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, Երեւան, 30-ը դեկտեմբերի, 2011թ.
Մոսկվայի խոշորագույն` 78 հազար տեղանոց «Լուժնիկի» մարզադաշտը կիրակի օրը գրեթե մեկուկես ժամ շարունակ վանկարկում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատարներից մեկի` Յուրա Մովսիսյանի անունը:

Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում իր առաջին պաշտոնական խաղում Մովսիսյանը դարձավ Գրոզնիի «Թերեք»-ի դարպասը խփված բոլոր երեք գոլերի հեղինակը: Ի դեպ, դրանցից առաջինը Հայաստանի հավաքականի հարձակվողին հաջողվեց խփել հանդիպման առաջին իսկ րոպեին:

Սա Մովսիսյանի մարզական կարիերայի առաջին հեթ-տրիկն էր, որն իրոք ապշեցուցիչ տպավորություն է թողել ոչ միայն «Սպարտակ»-ի երկրպագուների, այլեւ Ռուսաստանի ֆուտբոլային ողջ հանրության վրա:

Մովսիսյանն այսօրվա Ռուսաստանի բոլոր մարզական պարբերականների առաջին էջերում է:

"Советский Спорт”-ը գրում է. - «Ի տարբերություն իր անվանակից Յուրի Գագարինի, Մովսիսյանը, իհարկե, տիեզերք չթռավ, սակայն նրան հաջողվեց ցնցել ողջ ֆուտբոլային աշխարհն ու աղմկալի մեկնարկ արձանագրել «Սպարտակ»-ի կազմում: Սա է թերեւս պատճառը, որ անգամ թիմի լեգենդը համարվող Նիկիտա Սիմոնյանն է ծափահարում Յուրա Մովսիսյանին»:

"RBC Daily”-ն էլ նկատում է. - «Հայ հարձակվողի խփած երրորդ գնդակից հետո «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, որ սովորաբար պահեստայինների նստարանին մռայլ տեսքով է նստում, չէր կարողանում զսպես երջանիկ ժպիտը»:

Sports.ru-ն էլ մանրամասնորեն պատմում է «Սպարտակ» - «Թերեք» խաղից հետո Մովսիսյանի շուրջ ծագած եւ մոտ մեկ ժամ շարունակված աժիոտաժի մասին։ «Օրվա գլխավոր հերոսին տրինուբաների հետնամասում մոտ 200 երկրպագու էր սպասում: Նրանք բոլորն էլ ինքնագիր էին խնդրում Մովսիսյանից եւ անընդհատ շնորհակալություն հայտնում հիանալի խաղի համար: Մովսիսյանը դժվարությամբ կարողացավ հասնել իր Range Rover-ին` վերջում ձեռքսեղմումներ փոխանակելով Հայաստանի հավաքականի գույներով բաճկոններ հագած երկու տղամարդկանց հետ», - գրում է մարզական կայքի մեկնաբանը:

«Սպարտակ»-ի երկրպագուների` Մովսիսյանի նկատմամբ ցուցաբերած այս ջերմ վերաբերմունքը ուշագրավ է հատկապես այն առումով, որ մոսկովյան այս թիմի երկրպագուները միշտ էլ հայտնի են եղել իրենց ազգայնական հայացքներով: Հիշեցնենք, որ 2010-ի դեկտեմբերին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած հակակովկասյան անկարգությունների գլխավոր նախաձեռնողը հենց «Սպարտակ»-ի երկպագուներն էին:

Ինչ վերաբերում է Մովսիսյանին, ապա Հայաստանի հավաքականի առաջատարն իր անվան շուրջ ծագած այս ողջ աղմուկն ընկալում է իրեն բնորոշ համեստությամբ ու հանգստությամբ:

Խաղից անմիջապես հետո «Սպարտակ»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մովսիսյանն ասել է. - «Այս հաղթանակը ողջ թիմինն է, որն իր բոլոր կարողությունները օգտագործեց հանդիպման սկզբից մինչեւ վերջ: Մենք շատ լավ խաղացինք եւ կարողացանք հասնել մեզ անհրաժեշտ արդյունքին»։ Հայ ֆուտբոլիստը հատուկ ընդգծել է, որ «Սպարտակ»-ի կազմում իր առաջին երեք գոլերը նվիրում է երկու զավակներին ու ընտանիքին:

Ի դեպ, երեկվա հեթ-տրիկից հետո Մովսիսյանն իր հաշվին արձանագրած 12 գոլերով պահպանում է ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուի տիտղոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG