Մատչելիության հղումներ

Ամերիկահայ նկարչի սենսացիոն ժառանգությունը


Արթուր Փինաջյանի կտավներից մեկը
Արթուր Փինաջյանի կտավներից մեկը

Արթուր Փինաջյանի կտավները շուրջ 30 միլիոն դոլար են գնահատվել, մինչդեռ նա խնդրել էր իր մահից հետո դեն նետել դրանք։

Անցած շաբաթավերջին արեւմտյան, առաջին հերթին` ամերիկյան լրատվամիջոցները գրեցին, հեռուստատեային հաղորդումներ հեռարձակեցին հայազգի նկարիչ Արթուր Փինաջյանի թողած սենսացիոն ժառանգության ու դրա հայտնաբերման մասին:

Նյու Յորքի մեձակայքում նրա տան ձեղնահարկում հազարավոր կտավներ, նկարներ են հայտնաբերվել, որոնց արժեքը գնահատվում է շուրջ 30 միլիոն դոլար:

Կյանքի ընթացքում քիչ հայտնի նկարիչը հետմահու համաշխարհային ճանաչում է ստացել: Նրա հարազատների պատմելով` նկարիչը ասել էր, որ իր մահից հետո շպրտեն, դեն նետեն իր կտավները, բայց հարազատները նկարչի այդ ցանկությունը չեն կատարել:

Արթուր Փինաջյանը ապրել է քրոջ հետ, որը օգնականի, քարտուղարի դեր է կատարել ու պահել տունը:

Նկարչի մահից մի քանի տարի անց վախճանվել է եւ նրա քույրը, ու տունը վաճառքի է դրվել` առանց կասկածելու, որ այնտեղ գտնվող նկարները արվեստի գլուխգործոցներ են ու մեծ արժեք ունեն:

2007 թվականին Թոմաս Շուլց անունով մի մարդ` ընկերոջ հետ միասին, ներդնելով 300 հազար դոլար, գնել են Փինաջյանի տունը:

Շուլցը, տեսնելով նկարները, որոշել է գնահատել դրանք: Եվ պարզվել է, որ Փինաջյանի թողած նկարները ընդհանուր առմամբ շուրջ 30 միլիոն դոլար արժեն:

Նկարներից մի քանիսը արդեն վաճառվել են, յուրաքանչյուրը` շուրջ 90 հազար դոլարով, 50 ստեղծագործություններ ցուցադրվում են Նյու Յորքի կենտրոնում` Մանհեթենի պատկերասրահում:

Արվեստաբանները Փինաջյանին դասում են աբստրակցիոնիզմի ամենամեծ վարպետների շարքում, նրա գործերը համեմատում ամերիկյան աբստրակցիոնիզմի հիմնադիր հայազգի Արշիլ Գորկու ստեղծագործությունների հետ։

Արթուր Փինաջյանը ծնվել է 1914 թվականին Նյու Ջերսիում` Թուրքիայից փախած հայերի ընտանիքում: Պատանեկան տարիներին նա կոմիքսների հերոսների է նկարել: Բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որին մասնակցել ու խիզախության համար մեդալ է ստացել, նա խորացել է լուրջ կերպարվեստում, Վուդսթոքում արվեստանոց է վարձել, 25 տարի նկարել է, 1974-ին տեղափոխվել է Բելփորթ, որտեղ մինչեւ կյանքի վերջը ճգնավորի պես փակված ստեղծագործել է: Արթուր Փինաջյանը մահացել է 1999 թվականին` 85 տարեկան հասակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG