Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Մոսկվա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում, 5-ը դեկտեմբերի, 2012թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում, 5-ը դեկտեմբերի, 2012թ.
Երկուշաբթի երեկոյան մեկնարկում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա աշխատանքային այցը Մոսկվա։

Փետրվարի 18-ին անցկացված ընտրություններից հետո, փաստորեն, Սերժ Սարգսյանը առաջին արտասահմանյան այցով մեկնում է Ռուսաստան` հանդիպելու այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով, ի դեպ, առաջիններից մեկն էր, որ շնորհավորեց Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ։

Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` առաջիկա հանդիպման ընթացքում քննարկվելու են ոչ միայն երկկողմ հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր, այլեւ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը ԱՊՀ-ի տարածքում։

Ռուսաստանում չեն թաքցնում, որ Կրեմլը այժմ հստակ պատասխան է ակնկալում ԱՊՀ-ի անդամ երկրներից, այդ թվում` ռազմավարական դաշնակից Հայաստանից, Պուտինի նախաձեռնած Մաքսային միությանն ու Եվրասիական դաշինքին անդամակցելու շուրջ։

«Անշուշտ, երկու երկրների հարաբերությունները ռազմավարական են, սակայն իրավիճակը երկու տարի առաջ փոխվեց», - օրեր առաջ Մոսկվայում հայտարարեց քաղաքագետ, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը` մանրամասնելով. - «Այդ փոփոխության անունն է Եվրասիական միություն։ Սա այն կարգախոսն ու ծրագիրն է, որով Վլադիմիր Պուտինը սկսեց իր պաշտոնավարման ժամկետը, եւ, իհարկե, այժմ Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը անդամակցի ե՛ւ Մաքսային միությանը, ե՛ւ Եվրասիական դաշինքին, եւ մեզ ամենեւին չի ոգեւորում այն փաստը, որ ավելի քան մեկ տարի է` հայկական կողմը բազմանշանակ լռություն է պահպանում այս թեմայի շուրջ»։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտարարել են, թե Երեւանը կողմ է ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, մյուս կողմից` փաստարկել, որ Մաքսային միությանը անդամակցելը Հայաստանի համար տնտեսապես շահավետ չէ, քանի որ չկա ընդհանուր սահման այս միությանը անդամակցող մյուս երկրների հետ։

Հայաստանից բացի, առայժմ դաշինքին միանալու համաձայնություն չեն տալիս նաեւ Ադրբեջանն ու Ուկրաինան։

Օրեր առաջ Վլադիմիր Պուտինը Մոսկվա էր հրավիրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ինչպես ռուսական լրատվամիջոցներն էին բնորոշել` «պատկերավոր բացատրելու մաքսային դաշինքի բոլոր հմայքներն ու առավելությունները»։

«Ե՛վ մեր մասնագետները, ե՛ւ Ուկրաինայի Ակադեմիայի պրոֆեսորները հաշվարկել են, որ եթե Կիեւը միանա Մաքսային միությանը, ապա երկրի համախառն ներքին արդյունքը կաճի 1.5-ից մինչեւ 6 տոկոսով` կախված ինտեգրացիայի ակտիվությունից։ Բացի այդ, 2015 թվականից արդեն մեզ մոտ աշխատուժի տեղաշարժը կսահմանափակվի, եւ այսօր գործող արտոնությունները կտարածվեն միայն Մաքսային միության անդամ երկրներից Ռուսաստան եկող աշխատանքային միգրանտների վրա», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Փորձագետները փաստում են, որ աշխատանքային միգրանտների մասին հիշատակումը պատահական չէ, եւ որ սա կարող է դառնալ Կրեմլի ամենաարդյունավետ հաղթաթուղթը դաշնակիցներին, այդ թվում` Հայաստանին համոզելու հարցում։

Մաքսային միությանը անդամակցելու դեպքում, սակայն, Հայաստանը, ըստ էության, հարվածի տակ կդնի հարաբերությունները եվրոպական ընտանիքի հետ։

Շաբաթներ առաջ, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը փաստել էր, որ Պուտինի նախաձեռնած Մաքսային միության անդամները կորցնում են իրենց ինքնիշխանությունը արտաքին առեւտրի ոլորտում, ինչը հակասում է պաշտոնական Երեւանի եւ Բրյուսելի միջեւ ներկայումս շարունակվող բանակցություններին Ազատ առեւտրի պայմանագրի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG