Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների գործերով վկաները բարձրաձայնում են ճնշումների մասին


Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննում է 5 քրեական գործ: ՀՔԾ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ գործերից մեկն առնչվում է Արտաշատի դեպքերին, երբ ընտրությունների օրը 17/5 ընտրատեղամասում արձանագրվել էր հարյուրավոր քվեաթերթիկների լցոնման դեպք:

ԱՄՆ քաղաքացի վկան դժգոհ է ՀՔԾ-ից

Այս գործով վկա է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Նարինե Իսմայելին:

«Իմ բառերը փոխում են, ուզում են համոզել, որ այդպիսի բան չի եղել, անկարելի է, որ ես տեսած լինեի դա, որպեսզի չունենան իրականությունը եւ չկարողանան կատարողներին պատժել», - ասում է ազգությամբ հայ, ԱՄՆ-ի քաղաքացի 21-ամյա Իսմայելին:

Մարտի 1-ին, երբ կրկին, ըստ Նարինե Իսմայելիի, ՀՔԾ-ում չեն արձանագրվել իր ցուցմունքները նույնությամբ, Իսմայելիի փաստաբան Տիգրան Եգորյանը փորձել է ձայնագրել հարցաքննությունը: Քննիչ Գորիկ Հովակիմյանն արգելել է ձայնագրել:

ՀՔԾ-ի պաշտոնական կայքում գրված է. - «Տեղեկանալով միջադեպի մասին` ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանը քննիչի աշխատասենյակում պահանջել է չխոչընդոտել քննչական գործողության կատարմանը եւ դադարեցնել ձայնագրառումը»¨

«Նախ ինձնանից ձայնագրիչը պահանջեց, ես հրաժարվեցի, որին հետեւեց նրա կարգադրությունը` վերցնել ձայնագրիչը եւ նետել այն, ինչպես ինքն արտահայտվեց, տուալետը: Պարոն Միրզոյանը վերցրեց իմ ձեռքից ձայնագրիչը եւ նետեց այն պահարանի մեջ: Սենյակում որոշակի իրարանցում էր», - ՀՔԾ-ի պետի գործողությունների մասին պատմեց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Իսմայելիի համար այս իրավիճակը, մեղմ ասած, անսպասելի է եղել. - «Վախեցած էի, ագրեսիվ մթնոլորտ էր, ՀՔԾ-ի պետը հոգեբանորեն ուզում էր ճնշել ինձ, որպեսզի կարծեի, որ վտանգի մեջ էի կամ իմ խոսքերս ճիշտ չէին, պետք է դուրս գայի ու չխոսեի այդ մասին: Լցոնումից հետո ոչ էլ զարմանալի էր», - պատմում է նա:

«Իրավունքի Եվրոպա միավորումը» եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը» օրերս հայտարարել էին, որ «այս գործի քննության ընթացքը ցույց է տալիս ՀՔԾ-ի դժկամությունը` բացահայտելու ընտրախախտումը եւ պատժելու հանցագործության իրական մեղավորներին»: Կազմակերպությունները դիմել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը` խնդրելով միջամտել եւ հավաստիացում պահանջել Հայաստանի կառավարությունից ԱՄՆ-ի քաղաքացի Նարինե Իսմայելիի անվտանգության համար:

ՀՔԾ-ն «բացարձակ սուտ» է որակում պնդումները

ՀՔԾ-ն իր պաշտոնական կայքէջում զետեղած հաղորդագրության մեջ «բացարձակ սուտ» է որակել պնդումը, թե ճնշում է գործադրվել վկայի նկատմամբ եւ այն, որ ձայնագրառումն անհրաժեշտ է եղել ապօրինի քննչական գործողությունների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու համար:

Իսմայելին ֆեյսբուքյան իր էջում «կատակ» է որակել ՀՔԾ-ի հայտարարությունը: Նա այս գործի քննության վերաբերյալ իր պնդումները փոխանցել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ Amnesty International-ին եւ Human Rights Watch-ին: Դիտորդ-վկայի նկատմամբ ճնշումների վերաբերյալ փաստեր են տրամադրվել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Ուշագրավ է, որ այս գործով որեւէ կասկածյալ չկա:

ՀՔԾ-ն իր հերթին դիմել է Փաստաբանների պալատին` վկայի փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ վարույթ իրականացնելու խնդրանքով: Եգորյանը, վկայակոչելով «Փաստաբանության մասին» օրենքը, պնդում է, որ ՀՔԾ-ում գործել է հիմք ընդունելով օրենքի պահանջները եւ իր վստահորդի իրավունքների պաշտպանությունը:

ՏԸՀ անդամը՝ իր վրա գործադրվող ճնշումների մասին

ՀՔԾ-ի վարույթում գտնվող մյուս աղմկահարույց գործով վկա, Մալաթիայի 8/23 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ 23-ամյա Սյուզաննա Ալեքսանյանը, նախընտրելով առայժմ անուններ չհրապարակել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ իր նկատմամբ նույնպես ճնշումներ են իրականացվում: Նա հորդորեց նախագահ Սերժ Սարգսյանի վստահված անձանց իրենից եւ իր ընտանիքի անդամներից «հեռու մնալ», ասաց` չի կարող լռել:

«12:30-ի սահմաններում տեղի ունեցան լցոնումներ` իմ եւ բազմաթիվ քաղաքացիների աչքի առաջ: Անձամբ խոսել եմ լցոնում կատարողի հետ, ով Սերժ Սարգսյանի վստահված անձն էր, Արամ էր անունը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը սկզբից չէր թողնում արձանագրություն կազմել: Նաեւ անձնագրերի կեղծ տվյալներ էին լրացնում մատյանների մեջ, ստորագրում էին, կնքում էին, որպեսզի լցոնումների եւ գրանցամատյանում ընտրողների թիվը հավասարվի, սակայն վերջում էլի տարբերություն տվեց», - քվեարկության օրը տեղի ունեցածի մասին պատմեց Ալեքսանյանը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, թիվ 8 ընտրատարածքը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Նահապետյանը արձագանքեց. - «Եթե համապատասխան հայտարարություն է ներկայացվել, ապա պետք է այդ հայտարարությանը օրենքով սահմանված կարգով ընթացք տրվի»:

Վկան փոխանցեց, որ քննիչ Սամվել Տոնոյանին տեղյակ է պահել իր նկատմամբ ճնշում գործադրելու մասին եւ տեղյակ է պահել, թե կոնկրետ ովքեր են այդ անձինք:
XS
SM
MD
LG