Մատչելիության հղումներ

Ալասանիա. Հայ-վրացական հարաբերություններում չկան չլուծվող հարցեր


Ալասանիա. Մեր ժողովուրդները եղբայրական են
please wait

No media source currently available

0:00 0:13:22 0:00

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

«Ազատություն» ռադիոկայան. - Պարոն նախարար, ինչպե՞ս կգնահատեք հայ-վրացական հարաբերությունները ռազմական ոլորտում: Որքան ես գիտեմ, ռազմական առումով Վրաստանը լավ հարաբերություններ ունի թե Ադրբեջանի, թե Թուրքիայի, թե ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նման կարգի հարաբերությունների մասին մենք չենք լսել: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Իրակլի Ալասանիա. - Կարծում եմ` մեր երկկողմ հարաբերությունները ոչ միայն բարիդրացիական են, այլ եղբայրական են. մեր երկու ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են: Մեր կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի օտարերկրյա առաջին այցերից մեկը Հայաստան էր, եւ այստեղ նա հանդիպեց նախագահի, վարչապետի հետ, ու սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան ենք մենք կարեւորում Հայաստանի հետ հարաբերությունները: Կարծում եմ` Հայաստանի պաշտպանության նախարարի հետ մարտի 7-ին մենք ունեցանք շատ հաջող, արդյունավետ բանակցություններ: Մենք ընկերացանք, մեր միջեւ արդեն իսկ ձեւավորվել են անձնական շատ ջերմ հարաբերություններ, սակայն մեզ համար կարեւորն այն է, որ մեր երկրների ռազմական հաստատությունները համագործակցեն: Մենք 2013 թվականի համագործակցության ծրագիր ունենք, ծրագիր ունենք, որ ավելի սերտ համագործակցենք փորձի փոխանակման, ռազմական կրթության ուղղությամբ: Սաչխերեում մենք ունենք լեռնային նախապատրաստական կենտրոն, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրով հաստատված մակարդակին, ուր մեր հայ գործընկերներն անցել են ու անցնում են համապատասխան վարժանքներ: Մենք շատ հնարավորություններ ունենք այնպես անելու, որ մեր պաշտպանական կառույցների փոխգործակցությունը լավ մակարդակի վրա գտնվի: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեզ ժամանակ հատկացրեց եւ կարողացանք նրա հետ նույնպես խոսել երկկողմ հարաբերությունների մասին: Շնորհավորեցի նախագահին` վերընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեցի Վրաստանի վարչապետի շնորհավորանքները: Այնպես որ մեր հարաբերությունները շատ դինամիկ են: Մենք համատեղ մասնակցում ենք Աֆղանստանում ընթացող միջազգային գործողություններին (ի դեպ, վերջերս մենք Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպում ունեցանք Բրյուսլեում, ուր ներկա էինք գտնվում ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող նախարարական հանդիպմանը): Մեր հարաբերությունները ավելի խորանում են եւ մեր փոխգործակցությունն ավելի սերտ կլինի: Ինչ վերաբերում է տարածաշրջանային այլ երկրների հետ մեր հարաբերություններին, մենք` վրացիներս ու Վրաստանը, երջանիկ ենք, որ կարողանում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Կարծում եմ, որ մենք բոլորս շահագրգռված ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի, եւ առանց հարաբերությունների, փոխգործակցության, ռազմավարական գործակցության, առանձին-առանձին մենք չենք կարող մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովել:

«Ազատություն». - Երեւանյան բանակցությունների արդյունքում ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեցի՞ն:

Ալասանիա. - Այո, պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարվա համար նախատեսված մեր փոխգործակցության ծրագրի շուրջ, ինչպես նաեւ ապագայում մեր երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության գերակայությունների շուրջ: Մենք նաեւ անդրադարձանք այն հարցին, թե ինչպես կարելի է արագացնել մի քանի համաձայնագրերի ավարտուն տեսքի բերելը, որոնք այժմ անցնում են ներպետական ընթացակարգ: Պայմանավորվածություն կա տարանցիկ բեռնափոխադրման եւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Ինչպես ասացի, Վրաստանի ու Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում եւ մեր գերատեսչություններն ամեն ինչ կանեն, որպեսզի հարաբերություններն ավելի խորանան:

«Ազատություն». - Երբ Դուք խոսում եք տարանցիկ բեռնափոխադրման մասին, նկատի ունեք ռազմակա՞ն բնույթի բեռնափոխադրումները:

Ալասանիա. - Դուք գիտեք, որ Վրաստանն այն երկիրն է, որը թույլ է տալիս Հայաստանին ներկրել իր ապրանքները, եւ մեր տրասնպորտային միջանցքը բաց է Հայաստանի համար: Հայ-վրացական հարաբերություններում չկան չլուծվող հարցեր: Սրա մասին մենք խոսել ենք Հայաստանի պաշտպանության նախարարի հետ եւ մտքեր ենք փոխանակել Հայաստանի նախագահի հետ:

«Ազատություն». - Պարոն Ալասանիա, եթե խոսենք Վրաստանի արտաքին քաղաքականության մասին, փոփոխություններ սպասվու՞մ են Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի, տարածաշրջանային երկրների ուղղությամբ:

Ալասանիա. - Գիտեք, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը Ռուսաստանը օկուպացրել է, եւ իհարկե, ոչ միայն մեզ համար, այլեւ տարածաշրջանի համար սա ապակայունացման ամենամեծ հիմքն է: Սակայն Վրաստանում մեր կոալիցիայի իշխանության գլուխ գալուց հետո մենք սկսեցինք նոր մոտեցում ցուցաբերել անվտանգության խնդիրներին, մասնավորապես, Ռուսաստանի ուղղությամբ, եւ մենք պրագմատիզմի տարր ներմուծեցինք Ռուսաստանի ուղությամբ: Մենք բանակցություններ սկսեցինք Ռուսաստանի հետ, որպեսզի մեր առեւտրային հարաբերությունները վերականգնվեն. մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի շուկան: Մենք համաձայնվեցինք, որ Ռուսաստանը անդամակցի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Այնպես որ, մենք այժմ մտածում ենք ինչպես անել, որ վրացի գործարարները եւ վրացական ապրանքները հնարավորություն ունենան մուտք գործել ռուսական շուկա: Կարծում եմ` սա հնարավորություն կտա աստիճանաբար նորմալացնել Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները: Պատրանքներ չունենք, որ Ռուսաստանը կարող է արագ փոխել իր դիրքորոշումը Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունների առնչությամբ, որոնք են ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը անդամակցելը: Պատրանքներ չունենք, որ Ռուսաստանը մոտ ապագայում կփոխի իր մոտեցումը` Վրաստանի տարածքային ամբողջականության կապակցությամբ: Բայց մենք պետք է ինչ-որ մի կետից սկսենք, եւ կարծում եմ, որ առեւտրային ու հումանիտար հարցերը փոխընմբռնման կետն են հանդիսանում: Մեր վարչապետն ու կառավարությունը շատ իմաստուն գտնվեցին, երբ որոշում կայացրեցին Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ նշանակել: Զուրաբ Աբաշիձեն դիվանագիտական մեծ փորձ ունի, եւ այն հանդիպումները, որ եղել են եւ կլինեն ապագայում, իրենց արդյունքը կտան, եւ մեր առեւտրային հարաբերությունները կվերսկսվեն:

«Ազատություն». - Կարելի՞ է ասել, որ Թբիլիսիում տեղաշարժ են ակնկալում Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով:

Ալասանիա. - Գիտեք, թե´ հասարակության, թե´ մեզ մոտ պատրանքներ չկան, որ դա շուտ տեղի կունենա: Սակայն բոլորս տեսնում ենք, որ նման մոտեցումը ամենապրագմատիկն է եւ արդյունավետ կլինի, մենք այսպես ենք մտածում: Սակայն այս բոլորը պետք է ժամանակի փորձությանը ենթարկվի, մենք չենք շտապում: Մյուս կողմից Ռուսաստանի հետ նման պրագմատիկ հարաբերությունները Վրաստանին ավելի մեծ հնարավորություն կտան հարաբերություններ սկսել մեր աբխազ ու օս համաքաղաքացիների հետ: Ռուսաստանի հետ տարածքային վեճի կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, այնպես որ մենք այլընտրանք չունենք: Մենք պետք է խաղաղ ճանապարհով լուծենք այդ հարցը: Իհարկե, ես` որպես ռազմական գերատեսչության ղեկավար, ամեն ինչ կանեմ, որ մեր ռազմական ուժերը պատրաստ լինեն բոլոր սցենարների, սակայն մենք ուղղակի եւ բաց ասում ենք, որ ռազմական ճանապարհով երբեք չենք լուծի Ռուսաստանի հետ առկա տարածքային խնդիրները, այսինքն` Վրաստանի դեօկուպացիան ռազմական ճանապարհով: Ի՞նչ է մնում. միայն մի բան` Ռուսաստանի հետ ունենալ պրագմատիկ հարաբերություններ եւ աստիճանաբար նորմալացնել այդ հարաբերությունները: Վստահ եմ` ժամանակ անց առեւտրային հարաբերությունների կարգավորումից հետո, մենք կանցնենք այնպիսի սխեմաների մշակմանը, որոնք անհրաժետ կլինեն քաղաքական որոշումների համար: 2008 թվականին Ռուսաստանն իր վրա պարտավորություն է վերցրել (երկու երկրների նախագահների միջեւ կնքնված պայմանագրի համաձայն), որ նրանք պետք է դուրս բերեն իրենց անօրինական զորամիավորումները Վրաստանի տարածքից: Մենք հասկանում ենք, որ այսօր, վաղը կամ վաղը չէ մյուս օրը դա տեղի չի ունենա: Սակայն դա տեղի կունենա, վստահ եմ դրանում: Վրաստանը մեծ պատմություն ունի` հազարամյակների. գիտենք, որ իր պատմության ընթացքում Վրաստանը բազմաթիվ անգամ օկուպացվել է, բայց բազմաթիվ անգամ էլ վրացի ժողովուրդը ոտքի է կանգնել եւ միավորել Վրաստանը:

«Ազատություն». - Ինչ վերաբերում է տարածաշրջանային քաղաքականությանը, Սաակաշվիլիի կառավարության օրոք Երեւանում այնպիսի տպավորություն էր, որ Թբիլիսիում ավելի շատ ընկալելի էր Բաքուն, քան Երեւանը` Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ մի շարք այլ հարցերի կապակցությամբ: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

Ալասանիա. - Չեմ կարծում, որ այդ առումով մենք չունեինք հավասարակշռված քաղաքականություն: Այո, մենք ռազմավարական հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, ունենք ռազմավարական բնույթի համատեղ շատ նախագծեր: Մենք ինչպես կարեւորում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, այնպես էլ կարեւորում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, եւ մեր ադրբեջանցի, հայ գործընկերները, եղբայրները սա շատ լավ հասկանում են: Մեզ համար ապագան ընդհանուր է: Տարածաշրջանային անվտանգության հարցերը առանձին-առանձին մենք չենք կարող լուծել: Կարծում եմ` այն հարաբերությունները, որ ունենք երկու երկրների հետ էլ, միայն կօգտագործվեն տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար:

«Ազատություն». - Ապագայում Վրաստանը խորացնելո՞ւ է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, արեւմտյան երկրների հետ:

Ալասանիա. - Ոչ միայն կխորացնի, այլեւ դա մեր գլխավոր գերակայությունն է: Մենք վստահ ենք, որ կդառնանք ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ, սակայն դա ժամանակ կպահանջի: Ուստի մենք շատ սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի ու Եվրամիության կառույցների հետ: Գիտեք, որ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո մենք լրացուցիչ գումարտակ ուղարկեցինք Աֆղանստանում ընթացող խաղաղապահ եւ հակահաբեկչական առաքելության համար: Սա եւս մի վկայություն է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման եւ Հյուսիսատլանտյան ալյանսի ռազմուժի հետ փոխգործակցության ճանապարհին է: Մի քանի շաբաթ առաջ ես ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող նախարարական հանդիպմանն էի եւ հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք Աֆղանստանում ընթացող միջազգային առաքելության` ISAF-ի ավարտից` 2014 թվականից հետո, շարունակել համագործակցությունը Աֆղանստանի ու միջազգային ուժերի հետ, որպեսզի ապահովենք Աֆղանստանի անվտանգությունը: Սա մի ճանապարհ է, որ ընտրել է վրացի ժողովուրդը եւ այն երբեք չի փոխվի:

«Ազատություն». - Եկեք խոսենք երկաթգծերից: Ի՞նչ եք կարծում, պարոն նախարար, աբխազական երկաթգիծը կվերագործարկվի, եւ եթե այո, ապա ի՞նչ եք կարծում` ե՞րբ:

Ալասանիա. - Այս պահին դա քաղաքական հարց է, բայց տնտեսական առումով աբխազական երկաթգծի վերագործարկումը ձեռնտու է ողջ տարածաշրջանին: 2005 թվականին ես կողմնակից էի վերագործարկմանը, երբ վրաց-աբխազական երկխոսությունում վրացական կողմի գլխավոր բանակցողն էի: Այժմ ես նույնպես կողմ եմ երկաթգծի վերաբացմանը, սակայն մենք դա պետք է նրբանկատորեն անենք ու չշտապենք: Կարծում եմ, որ մեր աբխազ գործընկերները նույնպես այդ առումով իրենց պետք է լավ զգան: Այնպես որ, եթե այդ նախագծի առնչությամբ քաղաքական կամք լինի… ես խոսում եմ ոչ միայն վրացական կողմի մասին, պետք է ներգրավվի նաեւ Ռուսաստանը, ապա այդ նախագծի կյանքի կոչումը մեծ օգուտ կբերի տարածաշրջանին: Չպետք է շտապել: Վստահ եմ, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ առաջին քայլերը կարվեն:

«Ազատություն». - Որոշ հրապարակումների համաձայն` Դուք պատրաստվում եք առաջադրել Ձեր թեկնածությունը առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին: Ի՞նչ կարող եք ասել այս կապակացությամբ:

Ալասանիա. - Գիտեք, իմ կուսակցությունը, մեր կոալիցիան դեռ չեն հայտարարել, թե մեր կողմից ով կմասնակցի Վրաստանի նախագահի ընտրություններին: Մենք պայմանավորվել ենք կոալիացիայի առաջնորդի եւ այլ անդամների հետ, որ այս առումով խորհրդակցություններ կանցկացնենք մայիսին: Վստահ եմ` կունենանք այնպիսի թեկնածու, ով կկարողանա հաղթանակ տանել, սակայն, թե ով կլինի այդ անձը, կիմանանք խորհրդակցություններից հետո:

«Ազատություն». - Միասնակա՞ն թեկնածու է լինելու:

Ալասանիա. - Այո, կլինի միասնական թեկնածու:
XS
SM
MD
LG