Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյանը արդար վճիռ է ակնկալում ՍԴ-ից


«Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, փետրվար, 2013թ.
«Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, փետրվար, 2013թ.

«Դատարանը հնարավորություն ունի առաջին անգամ պետական շահերը սպասարկող որոշում ընդունել», - հայտարարում է «Ժառանգության» վարչության փոխնախագահը։

Սահմանադրական դատարանը (ՍԴ) հնարավորություն ունի առաջին անգամ չեզոքացնել իշխանական ուժերի կողմից իր վրա գործադրվող ճնշումը եւ արդար վճիռ կայացնել, ինչի շնորհիվ կիրականացվի սահուն իշխանափոխություն։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից նախօրեին ՍԴ ներկայացված դիմումին:

Պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածուն Սահմանադրական դատարանից պահանջում է «վավերացնել եւ ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը»: ՍԴ-ն պետք է որոշում կայացնի տասն օրվա ընթացքում:

«Դատարանը հնարավորություն ունի իսկապես առաջին անգամ պետական շահերը սպասարկող որոշում ընդունել, որի արդյունքում կլինի սահուն իշխանափոխություն», - հայտարարեց «Ժառանգության» վարչության փոխնախագահը` շարունակելով. - «Հակառակ պարագայում, իրենք կլրացնեն այն անօրինական որոշումների ցանկը, որոնք բազմաթիվ են»։

«Սա ոչ թե մեր պայքարի հանգրվանն է` Սահմանադրական դատարանը, այլ իրենց, իրենց խղճի, ժողովրդի աչքի առջեւ պետության շահը կյանքի կոչելուն ուղղված քայլ կատարելու կարողության մասին է. իշխանական ուժերի, լծակների կողմից իրենց վրա ճնշումը կարո՞ղ են չեզոքացնել, դա հաշվի չառնել եւ իրապես արդար որոշում կայացնել։ Դա արդեն իրենց ճշմարտության պահն է եւ ոչ թե մեր», - ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նրա ակնկալիքը այն է, որ «Սահմանադրական դատարանը իսկապես դառնա պետական ինստիտուտ»։ «Սա կարեւորագույն քայլ կլինի մեր պետության զարգացման, պետականաշինության մեջ», - ընդգծեց Մարտիրոսյանը։

«Ժառանգության» վարչության փոխնախագահը հիմնավոր է համարում կեղծված ընտրությունների մասին իրենց ներկայացրած ապացույցները` հիշեցնելով նաեւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաքելության վերջին զեկույցում ամրագրված մտահոգությունները ընտրական ամբողջ գործընթացի նկատմամբ, երբ դիտորդները կապ են տեսել ընտրատեղամասերում մասնակցության բարձր ցուցանիշի եւ գործող նախագահի ստացած ձայների մեծ քանակի միջեւ:

Ի պատասխան հիշեցման` «իշխող կուսակցությունը միակ ելքը համարում է այն, որ Սերժ Սարգսյանին շնորհավորի պարոն Հովհաննիսյանը», Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. - «Դե, իրենք այդպես էլ պետք է կարծեն, իրենց կարծիքներով շարժվեցինք այս երկար ժամանակ, այդ իսկ պատճառով ունենք արտագաղթ, տնտեսության այսպիսի վատթար վիճակ, այսպիսի ընտրություններ։ Իրենք իրենց ասելիքը արդեն ասել են իրենց գործերով, որը բացարձակ դրական չէ»։

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու, հրավիրել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին` ժողովրդի առաջ հաշվետվություն տալու եւ ժողովրդի հաղթանակը ճանաչելու, ինչին, ըստ «Ժառանգության» առաջնորդի, պետք է հաջորդի գործող նախագահի ինքնաբացարկը։ Իշխող կուսակցությունը արդեն իսկ ընտրազանգվածը պահելու «հնարք» է որակել Հովհաննիսյանի այս քայլը։

«Պարոն Հովհաննիսյանը այդ առաջարկը արել է, որովհետեւ մենք, այնուամենայնիվ, մինչեւ վերջ ցանկանում ենք ամեն ինչ երկխոսության միջոցով լուծել։ Ինչ վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցիչների ասածներին` այս դեպքում արդեն դա կարեւոր չէ, որովհետեւ, ինչպես պարոն Հովհաննիսյանն է ասել, փոքր մարդկանց հետ ինքը խոսելիք չունի, եւ իր խոսքը բացառապես Սերժ Սարգսյանի հետ է», - այդ առնչությամբ հայտարարեց «Ժառանգության» վարչության փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG