Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը հանդիպել է Ծառուկյանին


Րաֆֆի Հովհաննիսյան եւ Գագիկ Ծառուկյան
Րաֆֆի Հովհաննիսյան եւ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակի վկայությամբ` «հանդիպման ծանրակշիռ ու մեծ հատվածը փակ դռների ետեւում է տեղի ունեցել»։ ԼՐԱՑՎԱԾ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

«Ժառանգություն»-ից հանդիպմանը մասնակցել են կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ԲՀԿ-ից` կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը:

Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ քննարկվել են փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական ճգնաժամի հետ առնչվող խնդիրներ:

«Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, համարելով դրանք կեղծված», - փոխանցում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը` շարունակելով. - «Գագիկ Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում: Նրանք նաեւ կիսեցին Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա շտաբի ներկայացուցիչների մտահոգությունները` երկրում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի անընդունելի լինելու եւ փոփոխությունների հրամայականի կապակցությամբ: «Բարգավաճ Հայաստանը» եւս գտնում է, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման` սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը»։

«Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, համաձայն որի «Բարգավաճ Հայաստանը» եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ», - ասված է Հովհաննիսյանի շտաբի հաղորդագրությունում։

«Բարգավաճ Հայաստան»-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հանդիպման սկզբում փակ դռների ետեւում տեղի է ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը շարունակել արդեն ընդլայնված կազմով:

Դռնփակ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել մանրամասներ հայտնել քննարկված թեմաների շուրջ, ասված է հաղորդագրությունում։

Այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ-ի նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը փոխանցեց որոշ մանրամասներ` կապված հանդիպման սկզբնական մասի հետ, որը նախորդել է փակ դռների հետեւում կայացած, իր բնորոշմամբ` մեծ մասին։

Տոնոյանի վկայությամբ` հանդիպման այդ հատվածում «Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է ընդհանրապես հանդիպման փաստը պարոն Ծառուկյանի հետ եւ ասել է, որ միասին բոլոր կուսակցությունները` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը, Հայ ազգային կոնգրեսը, ինչպես նաեւ Հանրապետականի մի մասը, կարող են միասին քաղաքացիական հասարակություն ձեւավորել եւ վերադարձնել իշխանությունը ժողովրդին»։

«Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման այս հատվածում գնահատել է ԲՀԿ-ի ներդրումը եւ շեշտել, որ ընդհանուր բոլորը ունեն մեկ շահ` դա հայրենիքի շահն է, եւ այդ շահի համար են հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Գագիկ Ծառուկյանը», - պատմեց ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակը։

Իսկ Գագիկ Ծառուկյանը, ըստ Տոնոյանի, «իր հերթին, եւս մեկ անգամ վերահաստատել է նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի դիրքորոշումը այն մասին, որ կուսակցությունը չէր առաջադրել թեկնածու եւ չի սատարել որեւէ թեկնածուի առաջադրումը, եւ շեշտել է, որ կարող են հանդիպել «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները միմյանց հետ եւ քննարկել այն խնդիրների լուծումը, որոնք օգուտ կարող են տալ ժողովրդին»։

«Գագիկ Ծառուկյանը իր խոսքում շեշտել է, որ չկան թշնամի կուսակցություններ, եւ պատրաստ են համագործակցության, պատրաստ են հանդիպելու, քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք կարող են օգուտ բերել ժողովրդին», - փոխանցեց ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակը։

«Հանդիպման մնացած` ավելի ծանրակշիռ ու մեծ հատվածը արդեն փակ դռների ետեւում է տեղի ունեցել, եւ շարունակվող խնդիրների մասին ես տեղեկատվություն չունեմ», - նշեց Իվետա Տոնոյանը։

«Այսինքն, չեք կարող ասել` արդյոք հնարավո՞ր է, որ Գագիկ Ծառուկյանը գնա Ազատության հրապարակ, միանա ժողովրդին», - այս հարցին ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակը արձագանքեց. - «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, այն տեղեկատվությունը, որին ես տիրապետում էի, ես արդեն իսկ ձեզ հայտնեցի։ Հանդիպման մնացած հատվածը արդեն փակ դռների ետեւում է շարունակվել»։

Այսօր ավելի ուշ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ելույթից հետո պատասխանելով Գագիկ Ծառուկյանի հետ իր` մոտ երեք ժամ տեւած հանդիպման վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Հանդիպում էր պարոն Ծառուկյանի հետ, ընդլայնված կազմով` մեր ներկայացուցիչները, ինչպես նաեւ պարոն Ծառուկյանի ներկայացուցիչները։ Քննարկեցինք ստեղծված իրավիճակը եւ որոշեցինք, որ պետք է շարունակենք խորհրդակցությունները, որպեսզի մենք այս իրավիճակին համապատասխան կարողանանք լուծումներ տալ համազգային այն մարտահրավերներին, որի առջեւ մեր ժողովուրդը կանգնած է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG