Մատչելիության հղումներ

Այսօր մարտիմեկյան իրադարձությունների հինգերորդ տարելիցն է


Երեւան, 1-ը մարտի, 2008թ.
Երեւան, 1-ը մարտի, 2008թ.

Տասը մարդկանց մահվան համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Այսօր լրանում է մարտիմեկյան իրադարձությունների հինգերորդ տարելիցը։

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը, չընդունելով ընտրությունների արդյունքները, դուրս եկավ փողոց։

Մի քանի օր շարունակվող հանրահավաքներ, ցույցեր, նստացույց Ազատության հրապարակում, որը իրավապահների կողմից ուժի կիրառմամբ ցրվեց մարտի 1-ի վաղ առավոտյան։

Բողոքի ակցիաները շարունակվեցին Մյասնիկյանի արձանի մոտակայքում։ Ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների հետեւանքով տասը մարդ զոհվեց, նրանցից երկուսը իրավապահ մարմինների աշխատակիցներ էին։ Նրանց մահվան համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Եթե զուտ մարտի 1-ի իրադարձություններին անդրադառնանք, մարտի 1-ին առավոտյան եւ երեկոյան տարբեր իրադարձություններ էին։ Առավոտյան իշխանությունը պարզապես փորձեց ժողովրդին տեղահան անել Ազատության հրապարակից, հարձակվեց ժողովրդի վրա, սակայն նրա մոտ որեւէ բան չստացվեց, եւ իշխանությունը չէր էլ պլանավորել, որ երեկոյան կարող է ինքնաբուխ հանրահավաք տեղի ունենալ։ Իսկ զուտ երեկոյան իրադարձությունները եթե նայենք, դա ուղղակի ռազմական հեղաշրջում էր ` ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ»։

«Առավոտյան եւ երեկոյան իրադարձությունները տարբեր իրադարձություններ էին, որը որ Հայաստանի պատմության ընթացքում չէր եղել եւ ամենասարսափելի դեպքն էր, ես կասեի` ավելի սարսափելի, քան «Հոկտեմբերի 27»-ը։ Չեմ ուզում համեմատել, որովհետեւ եթե [1999 թվականի] հոկտեմբերի 27-ին ուղղակի պետական-քաղաքական գործիչներին էին սպանել եւ էլի փորձ արվեց պետական հեղաշրջման, այս դեպքում հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում պետությունը կրակեց սեփական ժողովրդի վրա», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

Իսկ «Մարտի 1»-ի գործով քննության հետ կապված Սեմիրջյանը ասաց. - «Հինգ տարի Հայաստանի ժողովուրդը, որ խոսում են արտագաղթից եւ անարդարության մթնոլորտից, ցանկացած հայ` ենթագիտակցորեն թե գիտակցված, մտածում է մի բանի մասին, որ եթե մարդասպանները փողոցում ազատ շրջում են, իրենք ի՞նչ ունեն այս երկրում անելու։ Սա ամենաառաջին պայմանն է, որ կարողանանք կանխել արտագաղթը եւ կարողանանք նորմալ հայ իրավական պետություն լինել»։

«Եվ ինչն է խնդիրը սպանությունների չբացահայտման. եթե այդ սպանությունները ականատես են եղել հազարավոր մարդիկ, հազարավոր ոստիկաններ, նաեւ` անցորդներ, եւ այդքանից հետո սպանությունը չի բացահայտվում, դա համաշխարհային պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ տասնյակ հազարավոր մարդկանց դիմաց կատարված սպանությունը չբացահայտվի», - ընդգծեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

«Այսօր տեղի են ունենալու Մարտի 1-ի տարելիցին նվիրված իրադարձություններ։ Հայ ազգային կոնգրեսը, փաստորեն, չեղյալ հայտարարեց իր նախանշած միջոցառումը։ Արդյոք դրա մեջ կարելի՞ է ինչ-որ քաղաքական ենթատեքստեր փնտրել եւ գտնել», - այս հարցին էլ Առաքել Սեմիրջյանը արձագանքեց. - «Նախ, Հայ ազգային կոնգրեսը չեղյալ չի համարել միջոցառումը, Կոնգրեսը ունի միջոցառում` 16։30 հոգեհանգստի արարողությունը եկեղեցում, որից հետո միանալու են այն մարդկանց, որոնք հանդիպելու են Մյասնիկյանի արձանի մոտ։ Ուղղակի երթն է չեղյալ համարել, բայց բուն միջոցառումը չեղյալ չի համարել»։

Թե ինչու մարտիմեկյան իրադարձություններից անգամ հինգ տարի անց այդպես էլ չբացահայտվեցին այն պատասխանատուները, որոնց գործողությունները հանգեցրեցին տասը մարդու մահվան, այդ մասին երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում որոշ նկատառումներ է հայտնել իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Չի բացահայտվում, որովհետեւ, իմ կարծիքն է, մասսայական, մեծ, զանգվածային միջոցառում էր, եւ, բնականաբար, մարդիկ կան, որոնք կարող են վկայություններ տալ` խուսափում են։ Ըստ իս, դա էդպիսին է», - ասել է Սահակյանը` շարունակելով. - «Կարծում եմ` եղել են կազմակերպիչներ էնտեղ, եղել է նաեւ ամբոխված ժողովուրդ։ Ինչ-որ տեղից, կարծում եմ, մի ժամանակ դուրս կգա` անհայտ երբեք չի մնում նման իրողությունները»։

«Իշխանությունը կրում է պատասխանատվություն, մեղքը մնում է կազմակերպիչների վրա», - ամփոփել է իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG