Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հաճախ այս կամ այն առիթով իշխանության ճամբարից կոչ է հնչում՝ «մի քաղաքականացրեք»: Եթե վերանանք մեր իրականության առանձնահատկություններից, ապա այդ կոչը, որպես այդպիսին, ճիշտ է: Որեւէ խնդիր չքաղաքականացնելու ամենագլխավոր պայմանը անկախ դատարանն է: Օրինակ, «Մարտի 1-ի» սպանդը: Ինչպե՞ս է այն հնարավոր չքաղաքականացնել: Եթե, ենթադրենք, 2008 թվականի ամռանը դատարանի առաջ կանգնեին այդ սպանությունները իրականացնողներն ու պատվիրատուները, ապա հնարավոր կլիներ արձանագրել, որ ընդդիմության խաղաղ հանրահավաքի ժամանակ իրավապահները անիրավաչափորեն զենք են կիրառել, ինչի համար էլ պատժվել են: Սակայն քանի որ 5 տարվա ընթացքում ոչ ոք չի պատժվել, եւ ճիշտ հակառակը՝ դատարանի առաջ են կանգնել ընդդիմության մի քանի տասնյակ լիդերներ եւ ակտիվիստներ, դրանից կարելի է եզրակացնել, որ հենց մեր իրավապահ համակարգն է առաջնորդվում քաղաքական շարժառիթներով»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է ժամանակին մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի հետ: Նա ասում է. - ««Մարտի 1»-ի դասերից մեկն էլ հենց այն է, որ բողոքի զանգվածային միջոցառումները, եթե շարունակական բնույթ են ունենում, կարող են հանգեցնել էմոցիոնալ «պոռթկման», որ կարող է դուրս գալ կազմակերպիչների վերահսկողությունից։ Իհարկե, շատ բան կախված է ընդդիմության առաջնորդի հռետորաբանությունից։ Մի բան է, երբ զանգվածային միջոցառման ժամանակ առաջնորդը հայտարարում է՝ ոստիկանները մեր եղբայրներն են, մեր երեխաները, նրանք մեզ հետ են, պաշտպանում են մեզ, ապահովում մեր անվտանգությունը, եւ բոլորովին այլ բան, երբ ասում է՝ նրանք թուրքեր են, ջարդարարներ են, մարդակերներ, ծառայում են «մոնղոլ-թաթարական ռեժիմին», ամո՛թ նրանց, ջարդեք նրանց գլուխները եւ այլն։ Չբացառելով, որ իրադարձությունները կարող են եւ անցանկալի հունով զարգանալ, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ բանը չի հասնի դրան, որովհետեւ ընդդիմության լիդերը դեռեւս զերծ է մնում հասարակության մեջ ագրեսիա սերմանելու գործելակերպից»։

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Հետընտրական շրջանում սովորաբար մարդիկ շատ զգայուն են դառնում՝ մի անզգույշ խոսք, մի սխալ քայլ, մի փոքրիկ միջադեպ կարող է դառնալ մասսայական վրդովմունքի ու բանադրանքի հիմք: Երեկ նման մի առիթ էր տվել երեւանյան սիրելի «բարդ» Ռուբեն Հախվերդյանը: Նա անզգուշություն էր ունեցել Արցախն անվանել «հեռավոր ադրբեջանական գավառներից մեկը» ու հայտնվել էր թիրախի դերում. սոցիալական ցանցերում վերջին բառերն էին գրում նրա հասցեին: Կարծես խոսքը Ռուբեն Հախվերդյանի մասին չէր, որի միայն անունը լսելիս օրեր առաջ ոմանք էքստազի մեջ էին ընկնում: Սա խոսում է այն մասին, որ ժողովրդի սիրուց մինչեւ ատելություն կես քայլ է, ու ոչ ոք երաշխավորված չէ եւ սիրո, եւ ատելության առարկա դառնալուց»:

«Ժողովուրդ» թերթի խմբագիրը հռետորական հարց է բարձրացնում. - «Որեւէ մեկը կարո՞ղ է վիճարկել ընդդիմության այն պնդումը, որ այսօրվա Ազգային ժողովը չի արտացոլում քաղաքական դաշտի իրական պատկերը: Նման պնդումներ անողներին բավական է հիշեցնել, որ Ազգային ժողովում իր ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժը` «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայում բացարձակապես դուրս է ծավալվող քաղաքական գործընթացից: Եթե ԲՀԿ-ի ստացած 450 հազար քվեներն իրական են, ապա որեւէ պարագայում այդ ուժը չպետք է ինքն իրեն դուրս դներ քաղաքական պրոցեսից եւ, ընդունելով չգիտես ումից եւ չգիտես ինչից նեղացածի դիրք, մի կողմ քաշվեր` երկրի համար կարեւորագույն որոշումների կայացման իրավունքը կամավոր զիջելով այլ քաղաքական ուժերի: Հիշենք, որ մինչեւ նախագահական ընտրությունները ԲՀԿ-ն ամեն առիթով հայտարարում էր, որ իրենք նախեւառաջ պատասխանատու են իրենց 450 հազար ընտրողների առաջ եւ ոչ մի դեպքում հուսախաբ չեն անելու ժողովրդին»:

«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերը որոշել են, որ մայիսին կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը: Հարց է առաջանում, թե ինչ վաստակի, որ արժանիքի համար: Պատասխանի երեք հիմնական տարբերակներ կան: Տարոն Մարգարյանին Սերժ Սարգսյանը տեղ է տալիս նրա հոր՝ ՀՀԿ հանգուցյալ նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի հանդեպ հարգանքից ելնելով: Սա քիչ հավանական տարբերակն է, եւ ոչ այն պատճառով, որ հարգանք չկա: Հաջորդ պատճառն այն է, որ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ է: Այստեղ, իհարկե, ճաշակի հարց է: Միգուցե Սերժ Սարգսյանի ճաշակով նա լավ քաղաքապետ է: Ի վերջո, Տարոն Մարգարյանը Երեւանը բավական հաջողությամբ զարդարում է, նկարազարդում, այսպես ասած` կահավորում: Երրորդ պատճառը միգուցե այն է, որ Տարոն Մարգարյանը բավականին գնահատելի ֆիգուր է ընդհանրապես իշխանական համակարգում: Այսինքն` գնահատվում են ոչ թե նրա քաղաքապետական որակները, այլ նրա որակները իշխող համակարգի տրամաբանության շրջանակում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG