Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է լսել Սերժ Սարգսյանին


Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպման ժամանակ, փետրվար, 2013թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային հանդիպման ժամանակ, փետրվար, 2013թ.

«Եթե պարոն Սարգսյանը ունի համազգային այս լուծումը իրացնելու որեւէ առաջարկ, ես պատրաստ եմ դեմ առ դեմ, թեթ ա թեթ իրեն հետ քննարկելու», - ասում է «Ժառանգության» առաջնորդը։

«Ես նման առաջարկ չեմ ստացել ոչ մեկից, ուրախ եմ, որ դուք փոխանցում եք` դա ձեր պարտականությունն է, բայց դա ձեր լիազորությունը չէ», - հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` չորեքշաբթի օրը Սիսիանում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է` հետեւի Ազգային ժողովի խոսնակի հորդորներին եւ ողջամիտ առաջարկություն ներկայացնի, օրինակ` «Ժառանգության» որեւէ անդամի ընդգրկել կառավարության կազմում։

«Եթե ինձ հետ խոսելիք ունի պարոն Սարգսյանը` սիրով կլսեմ։ Ես իմ առաջարկները թե արել եմ իրեն` հարգալից ձեւով զեկուցել եմ հասարակությանը, ինչպես իմ պարտքն էր, ինչպես ես իրեն տեղյակ պահել եմ` պիտի զեկուցեի, մերժվել են։ Հիմա նման որեւէ առաջարկ չկա օրակարգում», - ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Եթե պարոն Սարգսյանը ունի համազգային այս լուծումը` ժողովրդի հաղթանակը հարգելու հրամայականը իրացնելու որեւէ առաջարկ, ես պատրաստ եմ դեմ առ դեմ, թեթ ա թեթ իրեն հետ քննարկելու»։

Ամփոփելով իր մարզային այցերը Սյունիքում, Արմավիրում եւ Արարատում` Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե լիարժեք ուժ է ստացել. - «Որովհետեւ ես տեսնում եմ, որ հայ ժողովուրդը հասկանում է, որ ինքը հաղթել է։ Փետրվար 18-ին հայ ժողովուրդը հաղթեց` ոչ թե ոչ մեկի օգտին կամ մյուսի պարտությամբ, այլ ասաց, որ «սա իմ երկիրն է, եւ հետ եմ բերում իմ օրենքը, իմ ազգային շահը եւ իմ Սահմանադրությունը»։

«Եվ արդեն Հայաստանի ժողովուրդը հասկացել է, որ անկախ նրանից, թե աշխարհի չակերտյալ մեծերը շտապել են թե չեն շտապել, նամակ ստորագրել են թե չեն ստորագրել, իրենք սխալվել են, բայց հայ ժողովուրդը դարձել է երկրի տերը։ Իսկ այդ երկրի տիրությունը ես թույլ չեմ տալու, որ որեւէ մեկը` ոչ հայաստանցի եւ ոչ էլ օտար, խլի մեր ժողովրդից, թույլ չեմ տալու` կյանքի գնով», - հայտարարեց Հովհաննիսյանը։

«Ժառանգության» առաջնորդը հակադարձեց լրագրողներից մեկի դիտարկմանը, թե չկայացավ Գորիսում նախատեսված հանդիպումը։ Նա ասաց, որ այն նախատեսված էլ չէր, բայց նախագահի ընդդիմադիր նախկին թեկնածուն, այնուամենայնիվ, երեկ եղավ քաղաքում։

«Երբ որ մենք եղել ենք Գորիսում` հրապարակում, եղել է ընդամենը զրո քաղաքացի, երբ որ գնացել ենք։ Վախը, սպառնալիքը պարոն Լիսկայի [Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան] կողմից եղել է այնքան, որ` զրո։ Անգամ Գորիսը արձանագրել է 30 տոկոս։ Հիմա դուք մտածեք` զրո մարդ` հրապարակում, իսկ պաշտոնական, կեղծված տվյալներով` 30 տոկոս», - ընդգծեց Հովհաննիսյանը։

Պաշտոնական արդյունքներով ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն այսօր էլ հանդիպում կանցկացնի Երեւանին մերձակա քաղաքներում, իսկ երեկոյան մտադիր է հանրահավաք անցկացնել մայրաքաղաքում։ Ասաց` հանրահավաքի գնալու է ոչ թե ակնկալիքներով, այլ` ժողովրդի վստահությունը արդարացնելու, հաղթանակը գրանցելու։

«Ավելի լավ կլինի ավելի շուտ, քան` ուշ, որ պարոն Սարգսյանը ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը։ Մենք կունենանք այս պայքարի ավարտին, հուսով եմ` մարտ ամսվա ընթացքում, բայց դա ես չեմ, որ պիտի որոշեմ` հայ ժողովուրդը պիտի որոշի, մարտ ամսվա ընթացքում հայ ժողովրդի հաղթանակի իրավական, դե յուրե ամրագրում», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG