Մատչելիության հղումներ

«Ռուսալ-Արմենալի» բանվորները «սպառնալիքներ են ստանում գործատուից»


Հայաստանում գործող ռուսական «Ռուսալ Արմենալ» գործարանում աշխատող մոտ 100 բանվորներ այսօր նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին` նրան տեղեկացնելով, որ սպառնալիքներ են ստանում գործարանի ղեկավարության կողմից եւ խնդրել են օգնել պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները:

Ալյումինի փայլաթիթեղ արտադրող գործարանի բանվորներն արդեն մեկ ու կես տարի է ինչ պայքարում են, որպեսզի վտանգավոր արտադրամասում աշխատելու համար հավելավճարներ ստանան: Գործը դատարանում է, բայց մինչ այդ գործարանի ղեկավարությունը, բանվորների խոսքով, սպառնում է ազատել իրենց աշխատանքից, եթե չհրաժարվեն ներկայացված պահանջներից, նաեւ խոսում են դատարանում իրենց ունեցած ազդեցության մասին:

«Ասել են, որ ձեր համար լավ չի լինի, կազատենք, կմնաք գործազուրկ, ուրիշներին կբերենք, գիտե՞ք` ինչքան հերթ կա կադրերում», - այսօր պատմում էր բանվորներից մեկը:

«Ունենք հաստավզեր, որ ասում են` դուք չաշխատենք, Աֆրիկայից նեգրեր կբերենք, կաշխատեն ավելի էժան», - ասաց մեկ ուրիշը:

Բանվորները հույս ունեն, որ նախագահի օգնությամբ արդար դատավարություն կընթանա:

Գործարանի աշխատակիցների շահերը պաշտպանող իրավաբան Լեւոն Բաղդասարյանն ասում է, որ աշխատողները դատարան են դիմել եւ պահանջել, որ իրենց աշխատավարձի 100 տոկոսի չափով հավելավճարներ ստանան, քանի որ օրենքով նախատեսված է, որ վտանգավոր արտադրամասերում աշխատողները ունեն դրա իրավունքը: Դատարանը մասնակիորեն է բավարարել պահանջը` որոշելով հավելավճարներ սահմանել 50 տոկոսի չափով: Սակայն այս որոշումը ընդունելի չի եղել թե գործատուների, թե աշխատակիցների համար: Երկու կողմերն էլ դիմել են Վերաքննիչ դատարան: Հակամարտությունը շարունակվում է, բայց Բաղդասարյանի խոսքով` այն արդեն դուրս է գալիս իրավական սահմաններին:

«Գործարանի ադմինիստրացիան, ըստ իմ վստահորդների, ամեն կերպ փորձում է զրկել վերջիններիս իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից` սկսած ահաբեկելուց, որ զանգվածային կրճատումներ կանեն, վերջացրած դատարանում խնդիր չունենք, կամ էլ նրանով, որ բանվորի հասանելիք գումար տալով հայ-ռուսական հարաբերությունները կխաթարվեն: Դա դիտում ենք որպես զոռբայություն, ուժի գործադրում: Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ նրանից բանվոր է, թե չինովնիկ, պետք է ահաբեկված գնա աշխատանքի` մտածելով, որ այսօր իրեն աշխատանքից կհեռացնեն», - ասաց փաստաբանը:

«Ռուսալ Արմենալ»-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց սպառնալիքների մասին աշխատակիցների տարածած տեղեկատվությունը:

«Ասա', ջան, թե ո՞վ է քեզ սպառնում, այդ հարցին կոնկրետ պատասխան չեն տալիս, որովհետեւ այդպիս փաստ չկա», - ասաց Մելքումյանը:

Բանվորներն ասում են, որ գործադուլ չեն անի, բայց ամեն կերպ կպայքարեն իրենց իրավունքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG