Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ն իրականացված է համարում իշխանափոխությունը


«ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
«ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
Րաֆֆի Հովհաննիսյանի «ժառանգություն» կուսակցությունը համարում է, որ փետրվարի 18-ին երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն:

«Երեկ հանդիպել են Հանրապետություն երրորդ նախագահը եւ Հանրապետության չորրորդ նախագահը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց կուսակցության ղեկավար անդամ Արմեն Մարտիրոսյանը` նկատի ունենալով երեկ նախագահի նստավայրում տեղի ունեցած Սերժ Սարգսյան - Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը:

«Ես հուսով եմ, որ այնուամենայնիվ երկու քաղաքական առաջնորդները` ե'ւ երրորդ նախագահը, ե'ւ չորրորդ նախագահը` Րաֆֆի Հովհաննիսյանը, իրենք իսկապես այնպիսի քայլեր կիրականացնեն, որը հեռու կպահի մեր հասարակությունը տարանջատման պրոցեսներից», - հավելեց ընդդիմադիր գործիչը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Հովհաննիսյանը ժողովրդին կտանի իշխանափոխության, թե՞ փոխզիջումներ կլինեն, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. - «Ինքը այդ հաղթական ավարտին տանելու է այս պայքարը… Արդեն իշխանափոխությունը եղել է: Որքան էլ ընդունենք կամ չընդունենք` իշխանափոխությունը եղել է: Եվ այդ փոփոխությունը եղել է փետրվարի 18-ին Հայաստանի քաղաքացու կողմից տրված քվեի արդյունքում»:

«Գործող նախագահը հանձնի իշխանությունը, նշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ», - ապագայի սեփական տեսլականը նկարագրեց «Ժառանգության» փոխնախագահը: - «Ոչ միայն իրավական մեխանիզմն է այստեղ կարեւոր, այլեւ քաղաքական իրավիճակը: Ես հարյուր տոկոս համոզված եմ, որ նախագահի փոփոխության արդյունքում` քաղաքական նոր իրավիճակի պայմաններում խորհրդարանը նույնիսկ կինքնալուծարվի: Նոր խորհրդարանական ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կլինի նոր կոալիցիա, որը եւ կձեւավորի նոր կառավարություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG