Մատչելիության հղումներ

Աշոտյանը` Հովհաննիսյանին. «Պետք է սովորել ընդունել սեփական պարտությունը»


Աշոտյան. «Պետք է սովորել ընդունել սեփական պարտությունը»
please wait

No media source currently available

0:00 0:02:01 0:00

Աշոտյան. «Պետք է սովորել ընդունել սեփական պարտությունը»

«Պետք է սովորել ընդունել սեփական պարտությունը», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` խոսելով հետընտրական զարգացումներից եւ, մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի իրականացրած քայլերից:

«Ամբողջ նախընտրական քարոզարշավը մեր փաստացի թիվ մեկ ընդդիմադիր մրցակիցը վարեց շատ քաղաքակիրթ, արեւմտյան տեխնոլոգիաների կիրառմամբ, եւ սա ենթադրում է, որ հետընտրական գործելաոճը նույնպես պետք է լինի այն մշակույթի շրջանակներում, որ այդ թեկնածուն փորձում էր ներմուծել Հայաստան: Ցավալի է, երբ հետընտրական զարգացումների մշակույթը կարծես թե կրկնում է նախորդ բոլոր ընտրություններից հետո եղած մշակույթները, այն դեպքում, երբ արեւմտյան մշակույթը ենթադրում է, որ պարտված թեկնածուները առաջինն են զանգահարում եւ շնորհավորում հաղթած նախագահին», - ասաց կրթության եւ գիտության նախարարը:

Ըստ Աշոտյանի` իրենք ականատես են լինում ոչ թե իշխանության համար պայքարի, որքան ընդդիմադիր դաշտում «առաջին, երկրորդ, երրորդ դիրքավորումների` հատկապես հաշվի առնելով երեւանյան գալիք ընտրությունները»:

«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն»-ը այդ ընտրություններում չկարողացան լուրջ հայտ տալ, ապա մնացած չորս տարիների ընթացքում միակ քաղաքական հարթակը, որ կարողանալու է օգտագործել, դա խորհրդարանն է, որտեղ նրանք ընդամենը երեք մանդատ ունեն: Այսինքն Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի ընտրություններով պետք է ապահովի իր կուսակցության գալիք չորս տարիների քաղաքական ակտիվությունը», - հայտարարեց հանրապետական նախարարը:

Ինչ վերաբերում է նոր կառավարության կազմին եւ հնարավոր կադրային փոփոխություններին, ապա Աշոտյանը վստահություն հայտնեց, որ «իշխանության դեմքը փոխվելու է»:

«Իշխանության մեջ փոխվելու են դեմքեր եւ դա բացարձակ կապ չունի ընտրությունների արդյունքների հետ` այս կամ այն տեղամասում, այս կամ այն մարզում, այս կամ այն քաղաքում: Կարծում եմ, վաղուց հասունացած պահ է, երբ որոշակի փոփոխություններ իշխանության ներսում տեղի կունենան իշխանության բոլոր այն ճյուղերում, որոնց կազմավորման գործընթացը պայմանավորվում է նոր ընտրությունների արդյունքներով, եւ նախագահի հետընտրական լիազորություններով: Սա ակնհայտ է», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG