Մատչելիության հղումներ

Կարլ Բիլդտը ավելին էր սպասում Հայաստանի իշխանություններից


Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ, արխիվ
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ, արխիվ
Շվեդիայի արտգործնախարարն ու Հայաստանի արտգործնախարարությունը հեռակա բանավեճի մեջ են մտել՝ նախագահական վերջին ընտրությունների շուրջ։

Նախօրեին, մասնավորապես, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Twitter-ի իր էջում գրառում է արել եւ նշել. - «Կարծում եմ, արդարացի կլինի փաստել, որ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների որակը սպասվածից ցածր էր»։

Հիշեցնենք՝ Եվրամիության արտգործնախարարն ու ընդարձակման հարցերով հանձնակատարը համատեղ հայտարարություն էին տարածել եւ նշել, թե ընտրություններում արձանագրվել է առաջընթաց, այդուամենայնիվ, անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները արձագանքեն առկա մտահոգություններին եւ բարեփոխեն ընտրական օրենսդրությունը։

Եվ ահա, Կարլ Բիլդտը, հղում անելով այս հայտարարությանը, ըստ էության փաստել է, թե Եվրամիությունում Հայաստանից սրանից ավելին էին սպասում։

Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը ժամեր առաջ անձամբ Կարլ Բիլդտից հետաքրքրվել է՝ ինչի վրա է հիմնված նրա քննադատական այդ գնահատականը։

«Ես օգտվել եմ հայաստանյան ընտրությունների շուրջ միջազգային դիտորդների տված հաղորդումներից։ Ակնկալում էի, որ Հայաստանի իշխանությունները ավելի լավ ընտրություններ կանցկացնեն, քան արեցին, եւ հիասթափվեցի, երբ ընթերցեցի միջազգային դիտորդների զեկույցները։ Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը պետք է շատ ուշադրությամբ հաշվի առնի այն, ինչ ասվել է դիտորդական տարբեր առաքելությունների կողմից, այդ մտահոգությունները չպետք է անտեսվեն, քանի որ Եվրամիությունն իսկապես շատ մեծ կարեւորություն է տալիս ժողովրդավարական չափանիշներին», - ասել է Շվեդիայի արտգործնախարարը։

Պաշտոնական Երեւանն արդեն արձագանքել է Կարել Բիլդտի այս հայտարարություններին։ Twitter-ում նրա կատարած գրառումից ժամեր անց, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարությունը կրկին սոցիալական ցանցերի՝ Twitter-ի եւ Facebook-ի օգնությամբ հայտարարել է. - «Ամենայն հավանականությամբ, Բիլդտը Հայաստանով զբաղվող խորհրդականների պակաս ունի, հետեւաբար, նրա ունեցած տեղեկատվության որակը հիասթափեցնող է»:

Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, մինչդեռ, փաստում է, որ Շվեդիայի արտգործնախարարը հայաստանյան զարգացումներին ուշադրությամբ հետեւող սակավաթիվ արտգործնախարարներից մեկն է եվրոպական ընտանիքում. - «Եվրամիության կազմում շատ քիչ երկրներ են, որ իսկապես անդրադառնում են հայաստանյան զարգացումներին` մեկը Շվեդիան է, մյուսը` Լեհաստանը, եւ պատճառն այն է, որ հենց այս երկու երկրներն են նախաձեռնել Արեւելյան գործընկերության ծրագիրը՝ հնարավորություն տալով նախկին Խորհրդային Միության երկրներին սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Շվեդիան եւ Lեհաստանը այս ծրագիրն իրենց զավակն են համարում եւ մեծ ուշադրությամբ են վերաբերվում դրա անդամ վեց երկրներին, այդ թվում՝ Հայաստանին»։

Միաժամանակ, Ռիկարդ Յոզվյակը ընդգծում է, որ Բիլդտի այս գրառումը, այդուամենայնիվ, արտացոլում է միայն եւ միայն նրա անձնական տեսակետը։ «Առայժմ Բիլդտից բացի Եվրամիության անդամ որեւէ երկրի արտգործնախարար այս թեմային չի անդրադարձել, սակայն կարծում եմ՝ հարցը շարունակում է մնալ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության օրակարգում, եւ այստեղ շարունակում են հետեւել հայաստանյան զարգացումներին», - Բրյուսելից փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

Նշենք նաեւ, որ Շվեդիայի արտգործնախարարը շուրջ 125 հազար բաժանորդ ունի Twitter-ում եւ համարվում է ինտերնետից եւ տեխնիկական նորամուծություններից օգտվող ամենաակտիվ պաշտոնյան Եվրոպայում։ Հենց նա էր, որ 90-ականների սկզբին՝ Շվեդիայի վարչապետի պաշտոնում, աշխարհում առաջին էլեկտրոնային նամակն ուղարկեց մեկ այլ երկրի ղեկավարի, առաջիններից մեկն էր, որ գրանցվեց Twitter-ում, եւ հիմա այստեղ ավելի հաճախ է գրառում կատարում, քան՝ մամուլի հաղորդագրություն տարածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG