Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին, բայցեւ մտահոգված է


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդ, արխիվ
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդ, արխիվ

Միացյալ Նահանգները շարունակելու է հետեւել դիտորդների եզրակացություններին, ինչպես նաեւ բողոքարկման արդյունքներին, ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ` միաժամանակ իր համաձայնությունը հայտնելով ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության արտահայտած մտահոգություններին:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդի երեկ հրապարակած պաշտոնական հայտարարության մեջ նշված է այն փաստը, որ միջազգային դիտորդների կողմից ընտրությունները գնահատվել են որպես «լավ կազմակերպված», որոնց ժամանակ հարգվել են հիմնարար ազատությունները, ներառյալ` հավաքների եւ ազատ արտահայտվելու իրավունքը:

«ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը եզրակացրել է, որ զանգվածային լրատվամիջոցները իրականացրել են հավասարակշռված լուսաբանում ապահովելու իրենց իրավական պարտավորությունը, եւ բոլոր մասնակիցներն օգտագործել են իրենց հատկացված անվճար եթերաժամը», - ասված է Պետդեպարտամենտի ինտերնետային էջում տեղադրված հայտարարությունում։

«Այնուամենայնիվ, մենք համաձայն ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգություններին պետական կառավարման մարմինների կողմից անբավարար անկողմնակալության եւ վարչական ռեսուրսների չարաշահման կապակցությամբ, ինչի հետեւանքով դժվար էր դարձել տարանջատել պետության եւ իշխող կուսակցության գործողությունները` թե՛ նախընտրական շրջանում եւ թե՛ ընտրությունների օրը», - ընդգծում է Պետդեպարտամենտը` շարունակելով. - «Մենք համաձայն ենք այն եզրակացություններին, որ թեեւ ընտրությունների օրն անցավ հանգիստ եւ կազմակերպված, բայց արձանագրվեց անպատեհ միջամտություն ընտրական գործընթացին, հիմնականում`գործող նախագահին ներկայացնող վստահված անձանց կողմից, ինչպես նաեւ որոշ լուրջ խախտումներ, այդ թվում` ընտրողների նկատմամբ ճնշումների դեպքեր»։

«Միացյալ Նահանգները շարունակելու է հետեւել միջազգային եւ տեղական դիտորդների եզրակացություններին, ինչպես նաեւ ընտրություններից հետո բողոքարկման գործընթացի արդյունքներին: Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անհրաժեշտ ջանքեր գործադրել ընտրախախտումների մասին տեղեկությունների վերաբերյալ արժանահավատ հետաքննություն անցկացնելու համար: Ընտրական գործընթացի բոլոր կողմերին կոչ ենք անում հետընտրական շրջանում պահպանել հանդարտություն եւ զսպվածություն իրենց գործողություններում», - ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարությունում:

Այս հայտարարությունը հրապարակելու նախօրեին Վիկտորիա Նյուլանդը Հայաստանի նախագահական ընտրություններին անդրադարձել էր ճեպազրույցի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG