Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը հարյուրավոր բողոքներ է ներկայացրել


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով` երեկ ընտրատարածքային հանձնաժողովները ստացել են 47 դիմումներ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր կատարելու պահանջով:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը փոխանցեց, որ դիմումները պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից են:

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով` Հովհաննիսյանը տարբեր ընտրատարածքային հանձնաժողովներին ներկայացրել է հարյուրավոր դիմումներ:

Թիվ 2 ընտրատարածքում ներկայացվել է վերահաշվարկի 10 դիմում, ընտրատարածքայինի հայեցողությամբ բացվել է 3-ը: Ձայների հարաբերակցության զգալի փոփոխություն չի արձանագրվել: Այսօր վերահաշվարկ է կատարվել թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` 3/33 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի պահանջով: Ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղարն ասաց՝ արդյունքը չի փոխվել:

«94 անվավեր քվեաթերթիկ կար, բոլորն էլ անվավեր էին, համոզվեցին իրենց հանձնաժողովն էլ, մենք էլ», - ասաց նա:

Նկատենք, որ բացառիկ դեպք է, երբ հանձնաժողովի նախագահն է վերահաշվարկի դիմում ներկայացնում:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանը, սակայն, չհամաձայնեց, ասաց` Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին բազմաթիվ քվեաթերթիկներ հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ անվավեր են ճանաչվել:

4-րդ ընտրատարածքային հանձնաժողովը Րաֆֆի Հովհաննիսյանից վերահաշվարկի երկու դիմում է ստացել 4/23 եւ 4/28 ընտրատեղամասերից: Հանձնաժողովը դեռ որեւէ որոշում չի կայացրել:

Թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 6 դիմում, բայց դեռ չի քննարկել: Այս հանձնաժողովը մերժել է Սերժ Սարգսյանի վստահված անձ Միհրդատ Մանուկյանի դիմումը: Նա խնդրել է վերահաշվարկ կատարել 5/14 ընտրատեղամասում՝ պատճառաբանելով, որ ընտրատեղամասի մոտ եղել են կուտակումներ: Թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պատին փակցված էր որոշումը, ըստ որի վստահված անձի բողոքը մերժվել է, քանի որ նա գրանցված չի եղել 5/14 ընտրատեղամասի գրանցամատյանում:

Ի դեպ, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը վկայեց, որ բողոքներ ստացած ընտրատարածքային հանձնաժողովները օրենքի պահանջը ոտնահարելով՝ փակ չեն պահում եւ ոստիկանների ներկայություն չեն ապահովում այն սենյակների մոտ, որտեղ քվեաթերթիկների պարկերն են:

Թիվ 4 ընտրատարածքում այս ահազանգից հետո կային ոստիկաններ, որոնք, սակայն չուզեցին պատասխանել մեր հարցերին: Իսկ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը պարզաբանեց. - «Սենյակը փակվել է այն ժամանակ, երբ բոլոր պարկերը մեզ վերադարձվել են: Բացվել է այսօր, որպեսզի այդ ամենը տանենք արխիվ: Պետք է մի քիչ շուտ տանեինք, ուղղակի մեքենան ուշացավ: Ոստիկանը տեղում է եղել»:

Զարուհի Փոստանջյանը եզրակացրեց, որ իր գնալուց հետո է հավանաբար ոստիկանը հայտնվել այնտեղ:

«Մեր դիմումների հետեւանքով են նրանք այդ դուռը բացում-փակում եւ խնդիրներ ունեն հենց այդ պարկերի հետ կապված», - ասաց նա:

Ընտրատարածքային հանձնաժողովները դիմումների վերաբերյալ որոշում պետք է կայացնեն մինչեւ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը քվեարկությունից հետո ամենաուշը 7-րդ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG