Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը մնում է Ազատության հրապարակում


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Երեւանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց, որ իր աջակիցների հետ մնալու են հրապարակում եւ վաղը այստեղ դիմավորելու են նախագահ Սերժ Սարգսյանին` կազմակերպելու իշխանության փոխանցման արարողությունը:

Ազատության հրապարակում վաղը նախատեսված է իշխող հանրապետական կուսակցության հանրահավաքը։

Դեռ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը նույն հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանին առաջարկել էր մինչեւ այսօր ժամը 17։00 հանդիպել իր հետ եւ ընդունել ժողովրդի հաղթանակը: Դրան ի պատասխան այսօր նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սերժ Սարգսյանը «պատրաստ է ընդունել Հովհաննիսյանին իրեն հարմար ժամի», միաժամանակ ընդգծելով, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին «պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձեւակերպումների մեջ»։

Րաֆֆի Հավհաննիսյանը պատասխանեց ամբիոնից. - «Վաղը այս հրապարակը, որը պատկանում է բոլորին, բրոնյա է վերցրել պարոն Սերժ Սարգսյանը։ Եվ մենք պիտի սպասենք այստեղ մինչեւ վաղը ժամը 2-ը, կամ որքան պետք է, եւ իրեն դիմավորենք, եւ իշխանության փոխանցման արարողությունը կատարենք հենց այստեղ՝ Ազատության հրապարակում։ Եթե կան բանակցելու խնդիրներ, թյուրըմբռնումներ, փոխադարձ պահանջներ, մենք դա կանենք հրապարակավ հենց այստեղ, ձեր աչքի առաջ։ Բանավեճ չստացվեց, ցավում եմ, բայց եթե բանավեճ կա, կամ վերջապես նախկին նախագահի քաղաքացիական, Սերժ Սարգսյանին հարիր տղամարդու խոսք, ես ակնկալում եմ, որ ինքը կգա։ Առանց վերջնագրի, ես կսպասեմ իրեն այստեղ, որ վաղը գա ձեր առջեւ։ Ուզում է հարց ու պատասխան, ուզում է բանավեճ, եւ ուզում է ընդունել ժողովրդի հաղթանակը, մենք պիտի մնանք այստեղ մինչեւ հաղթանակ Հայաստանի»։

«Ժառանգության» առաջնորդը համոզմունք հայտնեց, որ ինքը հաղթել է այս ընտրություններում եւ պատրաստակամություն է հայտնում պայքարել մինչեւ հաղթանակ:

Նա ներողություն խնդրեց սեփական սխալների համար, եւ պատրաստակամություն հայտնեց համագործակցել մյուս քաղաքական ուժերի հետ։ Հովհաննիսյանի կողքին թիմակիցներից բացի հարթակին այսօր կանգնել էին ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Կոնգրեսից հեռացած Կարապետ Ռուբինյանը։ «Ժառանգության» առաջնորդը վստահ էր, որ Դաշնակցությունը եվս շուտով լինելու է հարթակում: ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն էր այսօրվա հանրահավաքին ներկա:

Նիկոլ Փաշինյանը ամբիոնից իր ելույթում հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է 2013-ի փետրվարի 18-ի ընտրություններում ընտրված նախագահը, բայց ժողովրդի ձայնը, ինչպես նախկինում, գողացվել է։

«Ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների 2013 թվականի փետրվարի 18­-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրել է իր նախագահին, բայց ինչպես եւ սպասվում էր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական նախնական արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ընտրությունը», - իր ելույթում ասաց Փաշինյանը, - «2013 թվականի փետրվարի 18-ի քվեարկությունն ըստ այդմ ապացուցեց ակնհայտը՝ Հայաստանում հաստատված է ավտորիտար քաղաքական համակարգ, որտեղ իշխանություններն ընտրություն անցկացնում են ոչ թե իշխանություն ձեւավորելու, ժողովրդի սահմանադրական իրավունքն ապահովելու, այլ բացառապես սեփական վերարտադրության նպատակով։ Ժողովուրդը, սակայն, ինչպես եւ 2008 թվականի նախագահական ընտրություններում, մերժեց այս տրամաբանությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի թվով 1988 ընտրական տեղամասերում իրականացրեց հեղափոխություն, 30 վայրկյանանոց հեղափոխություն։ Եվ այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել․ բոլոր այն ուժերը, ովքեր շահագրգիռ են Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու գործում, պետք է աջակցեն այս գործընթացին»։

Փաշինյանը միաժամանակ նշեց, որ իրադարձությունների զարգացումը կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից եւ նրա թիմից, քանի որ նա է ստացել ժողովրդի վստահության քվեն: ՀԱԿ պատգամավորը հույս հայտնեց, որ այլեւս 2008 ի մարտիմեկյան իրադարձությունները չեն կրկնվի:
- «Հարգանքի տուրք մատուցենք 2008 թվականի մարտի 1-ի զոհերին եւ խոստանանք՝ այլեւս երբեք թույլ չենք տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքի փողոցներում կամ որեւէ այլ տեղ։ Այլեւս երբեք ոչ մի բռնություն, այլեւս երբեք ոչ մի արյուն, այլեւս երբեք ոչ մի պարտություն։ Հաղթանակ, կամ ոչինչ։ Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ։ Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե քաղաքացիությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»։

Հարթակից ելույթ ունեցավ նաեւ Կարապետ Ռուբինյանը, ով եվս հայտարարեց, որ չի կասկածում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է այս ընտրություններում:

Ի դեպ, հարթակից ներքեւ, ժողովրդի մեջ, հանրահավաքին հետեւում էին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ու ՀՀՇ նախկին ղեկավար, ընդդիմադիր Կոնգրեսից հեռացած Արարատ Զուրաբյանը: Զուրաբյանը նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի փետրվարի 19-ի ասուլիսին էր հետեւել Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների շարքերում:«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք միանում է այս շարժմանը, Արարատ Զուրաբյանը միայն պատասխանեց.«Չեմ մեկնաբանում»:

Հանրահավաքին ներկա էին նաեւ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում զոհված Գոռ Քլոյանի եվ Արմեն Ֆարմանյանի ծնողները` Սարգիս Քլոյանն ու Վաչագան Ֆարմանյանը. «Մենք այնտեղ ենք, որտեղ ժողովուրդն է, մենք ժողովրդի կողքին ենք»,-«Ազատություն» ռադիոկայանին ասաց Ֆարմանյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերում է Ազատության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG