Մատչելիության հղումներ

Անցկացվել են «առաջավոր որակի ընտրություններ»


ԿՀՀ նախագահ Տիգրան Մուկուչյան
ԿՀՀ նախագահ Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի համոզմամբ` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները «բոլորովին նոր որակի` ավելի բարձր, առաջավոր որակի ընտրություններ» էին:

«Երեկ օրվա ընթացքում իրականացված քվեարկության գործընթացը եւ այս ամբողջ ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ստացված դիմումները, բողոքները, անգամ եթե նայենք այն առանձին ահազանգերը, որոնք ներկայացվում էին համացանցի միջոցով, թերեւս հիմք են տալիս պնդելու, որ, այո, իրավամբ կայացել են, ես կարծում եմ, որակական առումով բոլորովին նոր որակի` ավելի բարձր, առաջավոր որակի ընտրություններ», - ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մուկուչյանի փոխանցմամբ, ո'չ ԿԸՀ-ում, ո'չ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում խախտումների վերաբերյալ դիմում-բողոքներ առայժմ չեն ստացվել: Վերահաշվարկ անցկացնելու դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է այսօր ժամը 18-ին:

ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով, գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին տրվել է քվեների 58.6 տոկոսը, «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է քվեարկության մասնակցած ընտրողների 36.75 տոկոսի ձայները: Մյուս հինգ թեկնածուները միասին հավաքել են 4.6 տոկոս:

Ընտրացուցակներում, հիշեցնենք, ընդգրված էր շուրջ 2 միլիոն 529 հազար ընտրող, որոնց մոտ 60 տոկոսը մասնակցել է քվեարկությանը:

Թեեւ ըստ պաշտոնական տվյալների, մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանին, այդուհանդերձ, 13 ընտրատարածքներից 3-ում` Ավան վարչական շրջանը եւ Նոր Նորքի մի մասը ընդգրկող թիվ 1, Արաբկիրը ընդգրկող թիվ 4 եւ Աջափնյակը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքներում ընդդիմության թեկնածուն ավելի շատ ձայն է ստացել:

Երկրի բոլոր մարզերում` բացառությամբ Շիրակի մարզի, գործող նախագահն ավելի շատ քվե է ստացել: Իսկ Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին տրվել է ավելի շատ ձայն, քան Սերժ Սարգսյանի օգտին:

Նույն պատկերն է եղել նաեւ Աշտարակում, Էջմիածնում, Արմավիրում, Նոր Հաջընում, Վանաձորում, Իջեւանում եւ Կապանում:

Երեկվա քվեարկության առանձնահատկությունն այն էր, որ մարդիկ մտածված անվավեր էին դարձնում քվեաթերթիկը` այդ մասին հայտարարելով համացանցում: ԿԸՀ-ի արձանագրմամբ` գրեթե 51 հազար քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, ստորագրեցին ԿԸՀ-ի բոլոր անդամները:

Նախկինում, հիշեցնենք, ԿԸՀ-ն ձեւավորվում էր կուսակցական սկզբունքով, եւ 2008-ի արտահերթ նիստին հանձնաժողովի 8 անդամներից 6-ը բացակա էին: Իսկ հանձնաժողովում Դաշնակցությանը ներկայացնող Համլետ Աբրահամյանը հատուկ կարծիք էր ներկայացրել խախտումների, ընտրակաշառքի բաժանման, բռնությունների վերաբերյալ:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 25-ին:
XS
SM
MD
LG