Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կրկին ընդգծում է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կարեւորությունը


Պաշտոնական Բրյուսելը, ինչպես ասված է Եվրամիության կառավարության (Եվրոպայի խորհրդի)` այսօր տարածած հայտարարության մեջ, ուշադրությամբ հետեւում է հայաստանյան ընտրություններին եւ կրկին ընդգծում դրանք միջազգային չափանիշներին եւ արեւմտյան դիտորդների հանձնարարականներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը։

Փաստաթղթում Եվրամիության արտգործնախարարները վերլուծում են կառույցի հարաբերությունները Արեւելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ եւ առանձնացնում առաջիկա անելիքներն ու գերակայությունները։

Ըստ այդմ` Բրյուսելը եւս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնում խորացնել հարաբերությունները նորանկախ այս պետությունների հետ` սակայն, պայմանով, որ վերջիններս հարգեն իրենց ստանձնած պարտավորությունները ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու ազատ շուկայական հարաբերությունների ոլորտում։

«Հենց այս բարեփոխումներով են պայմանավորված այդ երկրների հարաբերությունները Եվրամիության հետ», - ընդգծում է Բրյուսելում ընդունված փաստաթուղթը՝ մանրամասնելով, թե առավել շահեկան վիճակում կհայտնվեն այն պետությունները, որոնք ավելի ակտիվ կլինեն իրենց բարեփոխումներում։

Փաստաթղթում նշվում է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան արդեն իսկ շահել են «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքից. կատարված բարեփոխումների դիմաց, մասնավորապես, այս երեք պետությունները մյուսներից ավելի շատ գումար են ստացել եվրոպական կառույցներից։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Բրյուսելը հիշեցնում է եվրոպական մեծ ընտանիքի հետ ասոցիացված հարաբերություններ հաստատելու, ինչպես նաեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու՝ խոստումնալից հեռանկարը, եւ կոչ անում ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբ։

Ավելին, պաշտոնական Բրյուսելը հայտարարում, թե պատրաստ է ընդհանրապես վերացնել վիզային ռեժիմն այս երկրների հետ՝ անհրաժեշտ բարեփոխումների դեպքում։

«Անցումը առանց վիզայի ռեժիմի կիրականացվի համապատասխան ժամկետներում եւ պայմանով, որ մինչ այդ կկատարվեն Եվրամիության առաջադրած պայմանները անվտանգության եւ տեղաշարժի կազմակերպման վերաբերյալ», - ասվում է փաստաղթում՝ առանց, այդուամենայնիվ, կոնկրետ ժամկետներ մատնանշելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG