Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են»


Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկում է Հայաստանի նախագահի ընտրություններում, Երեւան, 18-ը փետրվարի, 2013թ.
Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկում է Հայաստանի նախագահի ընտրություններում, Երեւան, 18-ը փետրվարի, 2013թ.

«Բոլոր ահազանգերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում», - վստահեցնում է վարչապետը։

Երեւանի Լեւոն Շանթի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում իր ընտանիքի` տիկնոջ, դստեր եւ երկու որդիների հետ քվեարկեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ընտրությունների ընթացքը, վարչապետը ասաց, թե ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են։

«Այսօրվա տեղեկատվությունը, որ մենք ունենք` ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, բոլոր այն դիտողությունները եւ առաջարկությունները, որոնք արվում են, բնականաբար, գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում, եւ իրավապահ մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնելու են բոլոր անհրաժեշտ գործառույթները, որպեսզի կասկած չմնա, որ ընտրությունները անցել են ազատ, թափանցիկ, առանց խախտումների», - ասաց Տիգրան Սարգսյանը։

«Գործող նախագահը գրեթե բոլոր մարզերում, համայնքներում հորդորում էր ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, բայց մամուլում արդեն տեղեկություններ կան, շրջանառվում են նորից, ընտրակաշառքների հետ կապված, արդյոք այդ հորդորները տեղ չե՞ն հասել, թե՞ այլ պատճառներ կան», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին վարչապետը հակադարձեց. - «Եթե չեմ սխալվում, այսօր էլ քարոզել եւ հակաքարոզել չի կարելի, ճի՞շտ է ։ Դրա համար կխնդրեի, որ այդպիսի հարցեր չտաք»։

Մինչ այժմ ստացված ահազանգերի կապակցությամբ Տիգրան Սարգսյանը ասաց. - «Գիտեք, տարբեր տիպի հարցադրումներ լինում են, որ, ասենք, առաջինը, որ ինչ-որ մարդիկ փորձում են կնիքը, որ դրված է անձնագրում, արհեստական ձեւով այդ կնիքը ջնջել` արդյոք դա հնարավոր է, թե հնարավոր չի, կան ահազանգեր, որ մեքենաներով մարդկանց բերում են։ Այդ բոլոր ահազանգերը, որոնք այս պահի դրությամբ կան, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, եւ առանձին-առանձին բոլոր դեպքերը ուսումնասիրվում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG